Այսօր «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։ Այդ մասին հայտարարվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող հանդիսության ժամանակ:
Ազգությամբ եզդի ակտիվիստը մեծարանքի արժանացավ ահաբեկչության ավելի քան 1,5 հազար զոհերի փրկելու և «Իսլամական պետության» կողմից սեռական բռնության ենթարկված հարյուրավոր անձանց աջակցելու համար: Միրզա Դինային Սիրիայում և Իրաքում ծավալվող հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։
«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են և ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախվել նաև մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված բազում վտանգները, սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգևորությամբ շնորհավորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ և ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», - հայտարարեց 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան։
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1 միլիոն դոլարի պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը («Օդային կամուրջ Իրաք»), «ՍԻԴ» հիմանդրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (Shai Fund):
Խոսելով դափնեկրի մասին` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասաց. - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աջակցում է նրանց, ովքեր հանուն ուրիշների վտանգի են ենթարկում ամեն ինչ և բացառիկ խիզախություն ցուցաբերում օրհասական իրավիճակում։ Միրզա Դինային դրա կատարյալ օրինակն է։ Նա կարեկցանքի, անձնական նվիրումի, անպաշտպանին պաշտպանելու ցանկության մարմնավորումն է։ Որպես «Ավրորա» մրցանակի համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ես անչափ հպարտ եմ, որ մեր ընդհանուր տեսլականն օգնել է բացահայտել և աշխարհին ներկայացնել Միրզա Դինայիի գործունեությունը»։
Հանդիսությանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես ասելով․ - «Պարոն Դինայի, մենք երախտապարտ ենք Ձեզ: Այն, ինչ Դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար, մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին արևմտյան միսիոներների և առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից ևս մեր երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ»:
«Դժբախտաբար, Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդներ վերջին տարիներին անցնում են մեծ դժվարությունների միջով՝ հաճախ հայտնվելով ողբերգական իրադարձությունների հորձանուտում: Ցավոք, մինչև այսօր խաղաղությունն ու կայունությունը վերջնական չեն հաղթանակել այդ տարածաշրջանում: Սակայն Ձեր և Ձեր նման անձնուրաց մարդկանց գործունեությունը լավատեսության և տարածաշրջանում կայուն ապագայի հույս է ներշնչում: Մաղթում եմ Ձեզ ուժ և եռանդ՝ Ձեր կարևոր մարդասիրական առաքելությունը շարունակելու համար», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրին մեծարելու և երևանյան առաջին «Ավրորա» ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական համայնքի բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչներ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին։
«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականավոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան (2017) և ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաև 2019-ի «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին և Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային, ինչպես նաև տրամադրել նրանց 50 հազարական դոլարի պարգև:
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ից մինչև 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):