Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացավ իր իսկ առաջարկով Գյումրի տեղափոխված ավտոմաքսատան շինարարության ընթացքին:
Ավտոմաքսատան շահագործման ժամկետը հոկտեմբերից տեղափոխվեց նոյեմբեր, բայց հստակ վերջնաժամկետ չի նշվում: Առաջնահերթ կառուցվում է ավտոմաքսատունը, զուգահեռ նույն տարածքում սկսվել է նաև Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային կենտրոնի շինարարությունը: Նման մի կենտրոն էլ՝ Հարավայինը, կկառուցվի Սիսիանում, և Հայաստան ներմուծված բոլոր ապրանքների մաքսազերծումը կիրականացվի այս երկու կենտրոններում:
Վարչապետին հետաքրքրեց, թե ի՞նչը կարող է խանգարել, որ ժամկետների մեջ տեղավորվեն, ընդհուպ՝ եղանակային պայմանները:
Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, թե ինչ են նախատեսում ունենալ տարածքում: Վարչապետն արձագանքեց․ - «Մեր ծառայությունների ապագա պատկերացման մոդելն ենք դնում ռազմավարական, մենակ ուղղակի ավտոմաքսատունը չի»: «Այո», - պատասխանեց ՊԵԿ նախագահը: «Էսպես ասած՝ մեր երազանքների մաքսային ծառայություններն ենք ստեղ բերում», - ասաց Փաշինյանը: «Ոչ մենակ մաքսային՝ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական ծառայությունները մենք բերելու ենք ստեղ», - ընդգծեց Անանյանը: «Այսինքն, որ որևէ մեկը որևէ բան արտահանում կամ ներմուծում ա, ստեղի հետ ա գործ ունենալու, էլ ուրիշ ոչ մեկի հետ», - ասաց վարչապետը: «Այո, մի պատուհանի սկզբունքով», - արձագանքեց ՊԵԿ նախագահը: «Այսինքն, էլ ոչ մի ուրիշ պետական հիմնարկ չի գնալու, վազի, թուղթ բերի, թուղթ տանի, ամբողջը կենտրոնանալու ա ստեղ», - շարունակեց Փաշինյանը: «Ոչ, սաղ ստեղ ա լինելու, հյուսիսային հատվածը՝ ստեղ, հարավայինը՝ մի հատ սրանից ունենալու ենք Սիսիանի կողմերը», - ասաց Անանյանը: «Ու էդ էրկուսը ամբողջ հանրապետությունը սպասարկելու են», - նշեց վարչապետը: «Այո, այո, և Երևանը բեռնաթափվելու ա», - ասաց ՊԵԿ նախագահը:
Տարածքը հատուկ է ընտրվել, որ այն մոտ լինի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն, նաև՝ երկաթգծին:
Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային կենտրոնն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2-3 տարում, բայց ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ հունվարից նորակառույց մաքսատանը նաև այլ ապրանքներ էլ կմաքսազերծեն: «Էդ գործառույթը նոյեմբեր-դեկտեմբեր ստեղ արդեն հնարավո՞ր կլինի», - հարցրեց վարչապետը: «Այո, այո, մենք նոյեմբերից սկսում ենք գործառույթը ստեղ, ընդ որում՝ հունվարից բիզնեսներն էլ ենք բերելու ստեղ, որովհետև Բավրան ահագին աշխուժացել ա, էն ասֆալտը, որ պրծել են վրացիները, ինչ-որ մի կտոր մնացել ա, բայց ձմեռը սովորաբար աշխուժանում ա, որովհետև ձյունը գալի՝ տրամբովկա ա անում, մենք հիմա ուղղորդելու ենք բիզնեսը ու բերելու ենք էս էլ օգտագործենք՝ էս հարթակը», - պատասխանեց Անանյանը:
Այս շաբաթվանից Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատանը սկսվեց Վրաստանից ու Ճապոնիայից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումը: Ի դեպ, մաքսատունը շաբաթ և կիրակի օրերին ևս կաշխատի: Վարչապետն անակնկալ այցելեց նաև գործող մաքսատուն: «Նախորդ երկուշաբթի օրվանից մինչև էսօր արդեն մոտ 180-200 մեքենա օրեկան հասցրել ենք էստեղ, ծավալը մի քիչ էլ մեծացրեցինք, էս երկուշաբթի նախատեսում ենք մինչև 400 մեքենա էստեղ մաքսազերծել», - ասացին մաքսատանը:
Գյումրիում ՊԵԿ-ի ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որը դռնփակ էր, վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՊԵԿ-ի մեկուկես տարվա աշխատանքից բավարարված է, հավելելով՝ այն գումարները, որ քաղաքացիները ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, այդ գումարները վճարում են իրենք իրենց:
«Եվ այն հարկերը, որ քաղաքացիները վճարում են, դա ընդամենը ներդրում է իրենց իսկ կյանքում, իրենց ապագայում, իրենց իսկ երեխաների ապագայում: Եվ որպեսզի այս ընկալումը իսկապես զարգանա և հասնի գագաթնակետին, հասնի էն մակարդակին, շատ կարևոր է, որ առաջին հերթին Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ոլորտներում լինի որակական փոփոխություն աշխատանքի, և շատ կարևոր է, որ ընդհանուր առմամբ կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Որովհետև թե ինչ հաճույքով են, ինչպիսի հաճույքով կամ առանց դրա են վճարում քաղաքացիները հարկերը, կապված է նաև նրա հետ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, արդյո՞ք քաղաքացիները տեսնում են, որ այդ գումարների ծախսումը կոնկրետ բան է փոխում իրենց կյանքում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Եվ իհարկե, մենք բազմիցս ենք քննարկել, շատ կարևորում ենք, եթե չասենք՝ դա ամենակարևորն ենք համարում, կոռուպցիայի դեմ պայքարը` առանձնահատուկ մաքսային և հարկային ոլորտներում, բայց նաև գիտակցում ենք, որ դա, բացի քաղաքական կամքը, դրա համար, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նաև որոշ այլ ոլորտներում լուծումների գնալ, ընդհուպ՝ պետք է շարունակական աշխատավարձերի բարձրացումներ լինեն, բայց աշխատավարձի բարձրացումը պետք է անխուսափելիորեն նշանակի նաև հարկային և մաքսային մարմիններում աշխատող մեր քաղաքացիների պրոֆեսիոնալ որակի պատշաճ մակարդակ և շարունակական բարձրացում: Ընդհանրապես սա մի պրոցես է, որը կարելի է համեմատել հավի և ձվի պատմության հետ, բայց, իհարկե, մեզ համար առաջնահերթությունը՝ որակական փոփոխությունները պետք է գան առջևից», - ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, այսօր չպատասխանեց լրագրողների հարցերին: