«Երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման», - հայտարարում է քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«Այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երևանցիների մասին:
Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երևանցին: Մեկն ասում է, թե երևանցի է նա, ով ծնվել է քաղաքում, նա, ում ծնողները կամ պապերն են ծնվել այստեղ, կամ նա, ով կիսով չափ, կամ մեկ քառորդով է երևանցի և այլն: Իմ սերնդի մարդիկ ասում են, թե երևանցի չի կարող համարվել նա, ով պատանի տարիքում Ձորում չի լողացել կամ չի կերել Բոքսի թաղի կրպակի 11 կոպեկանոց պաղպաղակը, կամ՝ Երրորդ մասի «Սևան» կինոթատրոնում հնդկական կինո չի նայել և այլն: Մի քիչ ավելի երիտասարդ սերնդի համար երևանցի լինելու «վկայականը» քաղաքի վերջին տրամվայից կախված երթևեկելու մասին հիշողությունն է կամ «Կրծած կուկուրուզի» ֆոնին ունեցած լուսանկարը: Նոր սերնդի երևանցիները, թերևս, ավելի պրագմատիկ են. Երևանյան «մկրտության ծեսը» նրանց համար քաղաքացիական պայքարին մասնակցությունն է ու սեփական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցությունը», - ասված է քաղաքապետի ուղերձում:
«Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երևանցին: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման», - հայտարարում է Մարությանը՝ շարունակելով․ - «Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երևանցիներին՝ անկախ նրանից, ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երևան: Ուզում եմ հատկապես ողջունել Երևան եկած մեր սփյուռքահայ եղբայրներին ու խնդրել նրանց՝ հնարավորինս հաճախ ու երկար ուրախացնել մեզ իրենց ներկայությամբ: Ողջունում եմ նաև Երևանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներին, անգամ մի քանի օրով որպես զբոսաշրջիկ եկած մեր հյուրերին: Որովհետև ես վստահ եմ՝ ով մի քանի օր ապրել է Երևանում, նույնիսկ մի քանի ժամով վայելել է Երևանի արևը, ընդմիշտ պահելու է Երևանն իր սրտում, հետևաբար՝ դառնալու է մեր ընկերն ու բարեկամը»:
«Շնորհավո՜ր, երևանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը», - իր ուղերձն ամփոփում է քաղաքապետը: