Մատչելիության հղումներ

Երևանի օրն այս տարի կնշվի հոկտեմբերի 19-ին


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստին զեկուցեց. - «2005 թվականի հունիսի 23-ի 822 որոշմամբ Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Ըստ այդմ, այս տարի այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին, սակայն հաշվի առնելով, որ Երևանի օրվա միջոցառումներին մասնակցում են շատ օտարերկրյա հյուրեր, քույր քաղաքների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր շատ հայրենակիցներ, ու նաև այս աշխատանքների կազմակերպման համար ցանկալի է, որ օրը լինի շատ ավելի ճկուն միջոցառումը կազմակերպելու համար։ Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություն կատարել համար 822Ն որոշման մեջ և սահմանել, որ Երևանի քաղաքի օրը նշվի հոկտեմբերի ամսին և, ըստ այդմ, այս տարի սահմանել այդ օրը հոկտեմբերի 19-ը»:

Էրեբունի-Երևանի 2801-ամյակի տոնակատարությունների համար, ինչպես հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, այս տարի նախատեսվում է ծախսել 150 մլն դրամ։

2018-ի միջոցառումների համար նախատեսված բյուջեն նախատեսվել էր ավելի քան 800 մլն դրամ էր, որից ծախսվել էր 507 միլիոնը։

«Ազատության» հարցին ի պատասխան փոխքաղաքապետն ասաց, որ նախորդող տարիներին Էրեբունի-Երևան տոնակատարություններին հովանվորչական օժանդակություն և նվիրատվություններ են եղել, ինչն այս տարի չկա:

«Որովհետև նվերները ուղղակի չեն լինում, և մենք միմիայն ծախսում ենք այն բյուջեն, որը նախատեսում է Երևանի քաղաքի բյուջեով, և Էրեբունի-Երևան տոնակատարությանը որևէ մեկենաս չկա այս դեպքում: Եթե թերթած լինեք մամուլը, կտեսնեք, որ մի շարք նվիրատվություններ չեն հասել հասցեատերերին: Եվ այս պարագայում մենք խուսափում ենք որևէ նվիրատվություն վերցնելուց, որևէ նվիրատվություն որևէ մեկին հասցնելուց: Ես առավել քան վստահ եմ, որ մեր դեպքում, եթե լինեն նվիրատվություններ, ճանապարհին չեն հայտնվի մեր ընկերների տներում, բայց ամեն դեպքում մենք խուսափում ենք այդ պրակտիկայից», - ասաց Վիրաբյանը:

Այս տարի տոնակատարությունները չեն անցնի միայն քաղաքի կենտրոնում, այլ հավասարապես կբաշխվեն բոլոր վարչական շրջանների միջև։ Պաշտոնական միջոցառում կլինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մեկ տարվա կատարված աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացվելու։

Քաղաքապետարանն այս տարի հրաժարվել է նաև կենտրոնական հրապարակում բեմահարթակում իրականացվող միջոցառումից․ - «Երբ միջոցառումը կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ Երևան քաղաքը, վարչական շրջանները զրկվում են հավասար, լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից իրենց իսկ վարչական շրջանում, մեկ միջոցառման դեպքում ամբողջ տեխնիկական և ստեղծագործական ներուժը քաղաքի հնարավոր չի լինում օգտագործել, և ընդամենը մեկ ընկերություն է զբաղվում դրանով, և ընդամենը մի քանի արտիստներ են հնարավորություն ունենում ելույթ ունենալ: Եվ Երևան քաղաքի բնակիչները հնարավորություն չեն ունենում մշակութային բազմազանություն տեսնելու: Այս պարագայում մենք միջոցառումները բաշխել ենք 12 վարչական շրջաններում, և տարբեր ոճերի համերգային ծրագրեր տեղի կունենան վարչական շրջանում: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում տեղադրված բեմահարթակը ոչնչով պիտի չզիջի Էրեբունի վարչական շրջանում կամ Նուբարաշենում տեղադրված հարթակին: Գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել բոլոր վարչական շրջանների համար: Սա շատ կարևոր նախադեպ է․ մրցութային փաթեթը պատրաստել ենք ոչ թե մեկ չափաբաժնով, մեկ լոթով, որ մի ընկերություն մասնակցի և ինքը կազմակերպի ամբողջ Էրեբունի-Երևանի տոնակատարությունը, այլ մենք մրցութային առաջարկը ներկայացրել ենք տասներեք լոթով, տասներեք փաթեթ է եղել մրցութային: Պիտի նշեմ, որ սա առաջին անգամ է, որ Էրեբունի-Երևան տոնակատարությանը վերջին գոնե տասը տարիներին, որ մեկից ավելի մասնակից է լինում տոնակատարության կազմակերպման հայտին»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG