Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շուտով՝ դեկտեմբերի 16-ից կարող է զրկվել պետական պաշտպանության իրավունքից: Պետական պահպանության հատուկ ծառայությունից IPN գործակալությանը ասել են, թե նախկին նախագահի պաշտպանության անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում:
Մարգվելաշվիլին այդ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նրա կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունը, ըստ որի պաշտոնաթողությունից մեկ տարի անց նախկին պաշտոնյաները զրկվում են պետական պաշտպանությունից, ուղղված է իր դեմ:
«Նախագահական ինստիտուտի վրա հարձակումներ կատարելը ես կապում եմ «Վրացական երազանք»-ի արդեն ավանդույթ դարձած գործելաոճի հետ: Դա արդեն վերածվում է նախագահական ինստիտուտը խարխլելու քաղաքականության: Ինչի՞ վրա պետք է զարմանամ: Սահմանադրությունում փոփոխություններ են արել, որպեսզի ինչ-որ ձևով վրեժխնդիր լինեն ինձնից, և դա, իհարկե, կկատարեն», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Դեկտեմբերի 16-ին լրանում է Մարգվելաշվիլիի պաշտոնաթողության մեկ տարին, ուստի նա կզրկվի պետական պաշտպանությունից: Միաժամանակ, ըստ Վրաստանի օրենսդրության, եթե նախկին նախագահի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, նրա պաշտպանությունը չի կարող հանվել:
Գիորգի Մարգվելաշվիլին 5 տարի Վրաստանի նախագահն էր, 2018-ին այդ պաշտոնում նրան փոխարինեց Սալոմե Զուրաբիշվիլին:
Մարգվելաշվիլին, հեռանալով պաշտոնից, հեռացավ նաև քաղաքականությունից, հեռացավ Թբիլիսիից: Նա Դուշեթիում փոքր տուն է գնել, որը վերանորոգումից հետո վարձով է տալիս զբոսաշրջիկներին, իսկ ինքը զբաղվում է արհեստով: