Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:
Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: