««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ հարուցված մեղադրանքը վնաս չի հասցնում հիմնադրամի գործունեությանն ու վարկանիշին», - հայտարարում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին այդ հիմնադրամի տնօրեն նշանակված Հայկակ Արշամյանը:
Հակառակը, նրա կարծիքով, սա դրական զարգացում է․ - «Որևէ անձի կամ անհատի ոչ դրական գործունեությունը, կամ բացասական գործունեությունը չի կարող անդրադառնալ նման մեծ ինստիտուտի գործունեության վրա, որը ուղղակի կապում է համայն հայությանը իրար հետ»:
Քրեական գործի մասին Արշամյանը չի ցանկանում շատ խոսել, քանի որ դրանով իրավապահներն են զբաղվում, սակայն մեկ բան հստակ է․ - «Եթե վնաս է հասցվել, այդ բոլոր վնասները հատուցվեն, եթե կան մեղավորներ, բոլոր մեղավորները պատժվեն»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կալանավորվեց 5 օր առաջ: Դեռ անցած տարվա հուլիսին Վարդանյանը ձերբակալվել էր այն բանի համար, որ, ըստ իրավապահների, սփյուռքահայերի և հայաստանցիների հանգանակած գումարներով օնլայն խաղատներում խաղադրույքներ էր կատարել։
Վարդանյանի խափանման միջոցը ընտրվել էր գրավը: Հոկտեմբերի 9-ին Վարդանյանին կալանավորելու որոշում է կայացվել: Նաև լրացվել է նրան առաջադրված մեղադրանքը․ իրավապահները նաև պարզել են, որ 2017 թվականին հիմնադրամը Արցախում շուրջ 150 միլիոն դրամի գույք մատակարարելու մասին պայմանագրեր է կնքել, սակայն գույք չի մատակարարվել, իսկ գումարը յուրացվել է։
Արա Վարդանյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քրեական գործի հարուցումը կապում է իր քաղաքական հայացքների հետ:
Հայկակ Արշամյան․ - «Դա իր անձնական կարծիքն է: Ես չեմ ուզում ընդհանրապես մեջտեղում լինեմ իր և իրավապահ մարմինների հարաբերություններում, որովհետև կարծում եմ, որ նոր Հայաստանում քրեական գործերի վարումները և դատավարությունները պետք է արդար լինեն, բոլորս ենք դրա պահանջատերը: Դատարանը կորոշի՝ արդյո՞ք մարդը մեղավոր է, թե՞ ոչ»:
«Հայաստան» հիմնադրամ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ» կառույցի գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանն ասում է, որ իրենց մոտ այս սկանդալը որոշ բացասական արձագանք ունեցավ, սակայն վստահությունը չսասանեց․ - «Բնական է բացասական արձագանք թողեց որոշ չափով, բայց նաև չմոռանանք, որ հիմնադրամը տարիների ընթացքին, նաև «Հայաստան» հիմնադրամ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ»-ը շատ խոշոր և լայնածավալ աշխատանք է տարել: Այսինքն, արդյունքները ինքնարդարացնում են: Սովորաբար մեր համայնքը, վստահելով հիմնադրամի թափանցիկությանը: Գոնե «Հայաստան» հիմնադրամ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ»-ը, նաև «Հայաստան» հիմնադրամի Երևանի գրասենյակը, հակառակ անոր, որ բացասական էր լուրը և նյութը, բայց հիմնադրամը ևս վայելում է համայնքի վստահությունը, և նաև ամենակարևորը՝ շարունակում է այն կապը լինել Հայաստանի և սփյուռքի միջև»:
Հայկակ Արշամյանը կարծում է, որ այս սկանդալի պատճառով նվիրատուների թիվը չի պակասի: Նոյեմբերի 28-ին Միացյալ Նահանգներում նշվող Գոհաբանության օրը կազմակերպվող թելեթոնի համար դեռ հանգանակությունների խոստումներ չունեն, սակայն հիմնադրամի տնօերնը հույս ունի, որ գումարը նախորդ տարվանից ավելի կլինի․ - «Ցանկություն միշտ կա ոչ թե ավելին, այլ կրկնակի, եռակի գումար հավաքել, բայց կյանքը ցույց կտա: Պետք է ուղղակի մարդկանց համոզել, որ իրենք ճիշտ տեղում են գումարներ տալիս»:
Թելեթոնում նորամուծություն կմտցնեն՝ առաջին 4 ժամը կկազմակերպվի Հայաստանից, կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ: Մինչ այդ նոր կայք են գործարկել, որն իրենց աշխատանքը շատ թափանցիկ է դարձնում: Այդ կայքում յուրաքանչյուրը կարող է միայն առցանց նվիրատվություն կատարել․ - «Մարդիկ կարող են երեք բաժակ սուրճի փոխարեն երկու բաժակ խմել, և այդ մի բաժակ սուրճը կամ թեյը նվիրաբերել հիմնադրամին և իրականացնել շատ լուրջ ծրագրեր Հայաստանում»:
Բացի ֆինանսական փոխանցումներից, քաղաքացիները կարող են նաև առցանց հետևել ծրագրի իրականացման ընթացքին․ - «Հիմնադրամի գործունեությունը բաց և թափանցիկ է: Էլ դուք կարիք չեք ունենալու ինձ զանգեք կամ հիմնադրամ զանգեք, ասեք՝ էսինչ ծրագիրը որ եղավ, ինչքա՞ն գումար ծախսեցիք․․․ Ամբողջ մեր կայքում ուղղակի բաց դրված է լինելու»:
Անցած տարի լուրեր կային, թե հանգանակությանը շատ պասսիվ են եղել հատկապես ռուսաստանցի հայ գործարարները:
Հայկակ Արշամյանն ասում է, որ անցած տարի Ռուսաստանից երկու գործարար է խոշոր նվիրատվություն արել, ընդ որում, իրենք չեն բանեցրել ժամանակին ընդունված մեթոդները, ամեն ինչ իսկապես եղել է կամավոր․ - «Գիտեք, թե նախկինում այդ գործարարների ներգրավվածությունը որոշակիորեն ինչպես է եղել․ դե ասում ա՝ ինչ-որ բան կանես, դրա դիմաց ինչ-որ բան կստանաս: Եվ հիմնադրամը նման գործունեություն այլևս չի ունենալու, չի առաջ տանելու: Գտնում եմ, որ եթե վստահում են հիմնադրամին, ապա կտան»: