Մատչելիության հղումներ

Վարդանյանի պաշտպանները պատրաստվում են կալանավորման որոշումը բողոքարկել վերաքննիչում


Արա Վարդանյան, արխիվ
Արա Վարդանյան, արխիվ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Ազգային անվտանգության ծառայությունը առայժմ չի պարզաբանում, թե ինչ նոր մեղադրանք է առաջադրվել և ինչու է անհրաժեշտություն առաջացել կալանավորել Վարդանյանին։ Մեր հարցմանը խոստացան ավելի ուշ արձագանքել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը մինչ այս արդեն իսկ մեղադրվում էր յուրացումներ կատարելու ու լիազորությունները չարաշահելու համար։ Անցած տարի հուլիսի 3-ին նա կալանավորվել էր ու ավելի ուշ ազատ արձակվել՝ գրավի դիմաց։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, թե փաստական հանգամանքների ճնշմամբ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանի տեղեկացմամբ՝ նոր մեղադրանքն Ազգային անվտանգության ծառայությունն առաջադրել է յուրացման հոդվածով։

«Եթե մեղադրանքի բովանդակությունն ենք նայում, շատ տարօրինակ է, որովհետև նրա հետ որևէ կերպ չէր կարող այդ յուրացումը կապված լինել, որովհետև հիմնադրամի հիմնարկներից մեկից մատակարարումների հետ է կապված, որ մատակարարումներ իրականացվել կամ չեն իրականացվել, և Վարդանյանը դրա հետ որևէ առնչություն ունենալ բնականաբար չէր կարող», - ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանն անհիմն է համարում Վարդանյանին կալանքի տակ պահելը։ Պնդում է, թե Վարդանյանը գրավով ազատ արձակվելուց հետո որևէ պայման չի խախտել։ Բացի այդ, Սահակյանի խոսքով՝ Արա Վարդանյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։

«Շատ լուրջ խնդիրներ ունի, մի շարք հիվանդություններ, որոնց մասին մասին ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց առնվազն գոնե երկուսի մասին կուզենամ խոսել, որ նրա ողնաշարը ամբողջովին վիրահատած է, հավաքված է տիտանից, և ինքը շատ լուրջ խնդիրներ ունի, բացի դրանից՝ ինքը առանց ապարատների գիշերները չի կարողանում քնել, և յուրաքանչյուր գիշեր իր կյանքի համար կարող է վտանգավոր լինի», - նշեց փաստաբանը։

Նոր մեղադրանքի առաջադրումը պաշտպանները պայմանավորում են Վարդանյանի վերջին շրջանում ծավալած քաղաքական, հասարակական գործունեությամբ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմացած է՝ ե՞րբ Վարդանյանը հասցրեց հասարակական, քաղաքական գործունեություն ծավալել։ Նկատում է՝ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս անցած տարի, երբ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն էր ու այդ ժամանակ նման խոսակցություն չեղավ։

«Քաղաքական հետապնդման մասին խոսելը, դա չգիտեմ, պետք է ունենալ շատ վառ երևակայություն կամ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ձգտման արտահայտում, որի նպատակն է պարզապես նույնականացնել այսօրվա իշխանություններին նախորդ ռեժիմի հետ», - նշեց Սաքունցը։

Իրավապաշտպանն ասում է՝ արդեն օրինաչափություն է դարձել՝ նախորդ իշխանությունների ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյանները, որոնց մեղադրանքներ է առաջադրվել, քրեական գործերին քաղաքական երանգ են տալիս, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։

«Կոռուպցիայի համար մեղադրանքը, իր քաղաքական հայացքների համար հետապնդումները խիստ տարբեր են։ Կոռուպցիայի համար հետապնդումները միայն իրավական պետությունում են լինում, իսկ քաղաքական հայացքների համար հետապնդումները միայն լինում են ավտորիտար կառավարման օրորք, որպիսին չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության իշխանությունը», - ասաց Արթուր Սաքունցը։

Պաշտպանները պատրաստվում են Արա Վարդանյանի կալանավորման որոշումը բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում, մտածում են դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ի դեպ, այսօր լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնավարման 1 տարին, ինչի կապակցությամբ վերջինս գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, մատնանշելով այն քայլերը, որոնք այս ընթացքում իրականացրել է՝ հիմնադրամի արդյունավետությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով:

«Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի նախկինում որևէ անձի կողմից իրականացրած որևէ արարք չստվերի հիմնադրամի 28-ամյա բարձր առաքելությունը, քանի որ այս համահայկական կառույցի միջոցով շուրջ 350 միլիոն դոլարի ծրագրեր են իրականացվել մեր հայրենիքում։ Իրապես հպարտ ենք Հիմնադրամի նվաճումներով և նվիրատուներով», - գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր տնօրենը:

XS
SM
MD
LG