Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։
Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:
Սահմանադրական դատարանի նախագահը իր հետագա պաշտոնավարման շուրջ սկսված գործընթացը քաղաքական է որակում, նախաձեռնության հեղինակ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է՝ այն իրավական է։