Սեյսմոլոգների պնդմամբ՝ ևս 30 տարի Սպիտակի օջախային գոտին ակտիվ կլինի. հետցնցումներով այն մարման է գնում

Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Մոտ մեկ ամիս առաջ Սպիտակի երկրաշարժի օջախային գոտում գրանցվեց 5-6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օջախային գոտում մեկ ամսվա կտրվածքով 100-ից ավելի հետցնցումներ են գրանցվել, ինչպես նաև ավելի թույլ երկրաշարժ:

Սեյսմոլոգների պնդմամբ՝ ևս 30 տարի Սպիտակի օջախային գոտին ակտիվ կլինի և հետցնցումներով այն մարման է գնում: Սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանն ասում է, որ պետք չէ առանձնապես անհանգստանալ:

«Անընդհատ զգում ենք Սպիտակի 88 թվականի երկրաշարժի հետցնցումների ազդեցությունը, 30 տարի անցել է, բայց մի էդքան էլ պիտի անցնի, որ էդ հետցնցումները մարեն։ Նորմալ երկրաբանական, սեյսմաբանական գործընթաց է, որոշ ժամանակ տիրում է անդորր, չկան ցնցումներ, հետո հայտնվում են ցնցումները, մի քիչ զգացվող ցնցումներ, հետո դրանք մարում են։ Ինչ որ կապված է Սպիտակի երկրաշարժի օջախի հետ, իմ խորին համոզմամբ, էդտեղ մենք վտանգի առանձնակի մակարդակ չենք տեսնում», - ասաց Նազարեթյանը։

Գյումրիի համար վտանգավոր է Բայանդուրի օջախային գոտին, որը 1926 թվականի երկրաշարժի օջախային գոտին է: Նազարեթյանն ասում է՝ թեև վտանգավոր է, բայց անհանգստանալու առիթ դեռ չկա:

Հարցին, թե ինչո՞վ է վտանգավոր օջախային այդ գոտին, սեյսմոլոգը պատասխանեց. «Էդ տեղի համար մենք հլը անհանգստանալու տվյալներ չունենք, մենք կանխագուշակող չենք, էլի, մենք հաշվարկում ենք, եթե անոմալիաներ կան երկրաքիմիական, ընդեղ կայան ունենք Ախուրիկում, հանքային ջրերը գալիս են ընդերքից, եթե փոփոխվում է քիմիական կազմը, էդ անհանգստանալու թեմա է, եթե գրունտային ջրերի, արտեզյան ջրերի մակարդակը փոփոխվում է, ընդեղ չափվող մագնիսական դաշտը, եթե էդ բոլորը փոփոխվում են, մենք արդեն հիմքեր ունենք, իսկ հիմա այդպես հիմքեր չունենք: Բայանդուրի օջախը վտանգավոր է, որ մակերեսային է լինում, իսկ մակերեսային օջախը 26 թվականի երկրաշարժի ուժը մեծ չէր, բայց որ 5 կմ խորություն ուներ, ահագին ավերածություններ առաջացրեց, 300 քանի զոհ ունեցանք»։

Սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի աշխատակիցները տարիներ շարունակ ուսումնասիրել ու մարզի 3 քաղաքների ու մի քանի գյուղական համայնքների սեյսմիկ ռիսկի քարտեզներն են կազմել, որպեսզի կանխատեսումներ ունենան, թե 88-ի երկրաշարժի նման ուժգին երկրաշարժի դեպքում ինչքան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ կունենան:

«Գիտենք շենքի փլուզվելու դեպքում մի բնակարանում ցերեկը քանի զոհ կլինի, գիշերը՝ քանի. ցերեկը՝ 1,5-2 զոհ, գիշերը՝ 3 զոհ, միջին վիճակագրական տվյալներ են՝ 1000 զոհ, 1500 վիրավոր։ Հիշեցնեմ, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհերի քանակը 17 հազար էր, այսինքն հիմա զոհերի քանակը 17 անգամ նվազել է, էս շատ կարևոր ցուցանիշ է», - նշեց Նազարեթյանը։

Թեև Գյումրիում ավելի շատ են վթարային շենքերը, բայց պարզվում է՝ բնակչության թվաքանակով առավել ռիսկային է Ամասիա համայնքը:

«Ամասիան ամենագրունտային, բարդ պայմաններ ունեցող բնակավայրն է, բնակչությունն էլ մի բան չի՝ 2 հազարի կարգի», - ասաց սեյսմոլոգը։

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին խիստ մտահոգեց սեյսմիկ ռիսկի գնահատումը: Անցած ամիս գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը մոտ էր Ամասիային, և բավականին ուժեղ էին զգացել երկրաշարժի ցնցումները:

«Մենք բոլոր ցնցումներն էլ զգացել ենք, կան 4-5-հարկանի շենքեր, որոնք գնահատվել են երրորդ աստիճանի սեյսմիկ վթարային վիճակ, և ունենք մեկ շենք, որ ահավոր վիճակում է, չորսհարկանի շենք է՝ 32 բնակիչով, և այս վերջին երկրաշարժի ժամանակ ես շատ վախեցա, մտածում էի, որ էդ շենքին կարող է մի ահավոր վիճակ ստեղծվել, փառք Աստծու, որ այդ շենքը կանգուն վիճակում է», - ասաց Հարությունյանը։

Տիկին Ջեմման ասում է, որ 88-ի երկրաշարժից հետո Ամասիայի բնակֆոնդի վիճակը, մեղմ ասած, խիստ անմխիթարական է՝ ո՛չ հինն է վերանորոգվում, ո՛չ նորն է կառուցվում:

«Շենքերի վիճակը վատ է, որովհետև երկրաշարժից հետո ընդամենը մեկ շենք է ամրացվել և մեկ շենք նոր կառուցվել, իսկ մնացած շենքերը կառուցված են 60-70-ական թվականներին», - ընդգծեց Ջեմմա Հարությունյանը։

Շիրակի մարզում 100-ից ավելի վթարային շենք կա, միայն 88-ը՝ Գյումրիում: 5 շենք ունի 3-4-րդ աստիճանի վթարայնություն, դրանցում մոտ 2 հազար բնակիչ է ապրում: Հենց այս շենքերն էլ համարվում են ամենառիսկայինը:Թե երբ կքանդվեն կամ կամրացվեն վթարային շենքերը, այս պահին համենայնդեպս կառավարության օրակարգում նման հարց չկա: