Ազգային ժողովում տեղի ունեցած դռնփակ հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան տարհանելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց եթե ցանկացողներ լինեն, կտրամադրեն անհրաժեշտ բոլոր միջոցները: Բայց ցանկացողներ, նրա խոսքով, դեռևս չեն եղել:
«Ազատության» հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը հանդես է եկել տարհանման պաշտոնական առաջարկով, Գրիգորյանն արձագանքեց․ - «Մենք պաշտոնական առաջարկով դեռ հանդես չենք եկել, բայց եթե լինեն ցանկություններ, որովհետև տեղյակ եք, որ ոչ միայն կառավարության ուշադրության կենտրոնում է, այլ նաև հյուպատոսարանը և դեսպանատունը կապի մեջ են գտնվում համայնքի ղեկավարների հետ, և եթե այդպիսի ցանկություն որևէ պահի լինի, բնականաբար մենք կձեռնարկենք բոլոր միջոցները տրամադրելու ցանկացած անհրաժեշտ միջոց»:
ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ քննարկում են սիրիահայերին օգնելու բոլոր ուղիները․ - «Կապի մեջ ենք և՛ հյուպատոսի, և՛ դեսպանի հետ: Մենք խոսում ենք, թե ինչպիսի նյութական կամ այլ անհրաժեշտություն կա այս պահին, և եթե ինչ-որ բանի անհրաժեշտություն լինի, կամ որոշելու անհրաժեշտություն լինի, մենք որոշումը կկայացնենք ու էդ ուղով կգնանք»:
Անդրադառնալով հումանիտար օգնության մասին հարցին՝ Գրիգորյանն ասաց․ - «Եթե կարիք լինի, բնականաբար, մենք այդ որոշումը կկայացնենք: Բայց պետք է հասկանալ, որ այդ տարածքումը հումանիտար օգնություն, այն էլ ավիացիայի միջոցով, դժվար կլինի տրամադրել, որովհետև այդ ամբողջ տարածքը այս պահին գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ»:
Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, այս պահին ուշադրությունը կենտրոնացրել են Ղամիշլիի վրա․ - «Անվտանգության գոտին, որի մասին Թուրքիան խոսում է, 30 կիլոմետր խորությամբ, այդ անվտանգության գոտում հիմնական հայկական ընտանիքները կամ քաղաքացիները դուրս են եկել: Միակ քաղաքը այս պահին, որտեղ հայեր կան, դա Ղամիշլին է, որն էլ մեր հիմնական ուշադրության կենտրոնում է: Ղամիշլիի հայերի և հոգևոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում են հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ ունեն: Եվ իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»:
Արտաքին հարաբերությունների, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովների իշխանական և ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ այսօրվա մոտ մեկուկես ժամանոց հանդիպմանը, Անվտանգության խորհրդի քարտուղարից բացի, մասնակցում էր նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Այս օրերին մի շարք պատգամավորներ վստահեցնում են, որ պատրաստ են Սիրիա մեկնել: Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, նման որոշում չկա․ - «Պետք է որոշում լինի, որպեսզի գնան: Որովհետև և՛ անվտանգության, և՛ բազմաթիվ այլ հարցեր կան»:
«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը վստահեցրեց, որ եթե որոշում կայացվի, Գագիկ Ծառուկյանը ևս պատրաստ է մեկնել Սիրիա․ - «Մենք պատրաստ ենք մեկնել Սիրիա՝ յուրաքանչյուր կետ, գյուղ, քաղաք: Եվ հիմնական խնդիրը, կլինի դա մեկնում, կլինի դա ուրիշ գործողություններ, պետք է լինի մերոնց անվտանգության ապահովումը: Բոլոր մեր պատգամավորները՝ մեր ղեկավարի հետ միասին, բոլորս էլ պատրաստ ենք»:
Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր խմբակցության քարտուղարը ողջունում է Սիրիայի հարցով իշխանության թևերում այս օրերին ընթացող քննարկումները: Նրա խոսքով՝ իշխանության ջանքերը չի կարելի ուրանալ:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը հրաժարվեց մանրամասներ փոխանցել այսօրվա դռնփակ հանդիպումից․ - «Ընդդիմադիր, իշխանական․․․ թե մենք բոլորս ինչ կարող ենք անել, որ հանկարծ հայի արյուն կրկին չթափվի: Դա է խոսակցությունը, դա է հիմնական այն տեսլականը, որի վրա այսօր հենվում ենք»: