Պոլսո Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիսային հատվածում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունների առնչությամբ՝ հայտարարելով, թե աղոթում են օպերացիայի հաջողության և խաղաղության հաստատման համար: Թուրքիայի Հայոց պատրիարքարանը մշտապես ընդգծել է խաղաղության և բարօրության միջավայրում ապրելու կարևորությունը:
«Մենք խորապես վշտացած ու մտահոգված ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում շարունակվող պատերազմի և քաոսի մթնոլորտի պատճառով: Ցավոք, խաղաղությունը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է հաստատվում: Աղոթում ենք, որպեսզի բարեհաջող ընթացք ունենա ահաբեկչությանը վերջ տալու և երկրի սահմանների անվտանգությունը ապահովելու նպատակով իրականացվող գործողությունը», - մասնավորապես ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը նախկինում ևս նմանօրինակ հայտարարություններ է արել: 2018 թվականի հունվարին սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առիթով ևս պատրիարքարանը զորակցություն էր հայտնել թուրքական բանակին: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե բնական ու սպասելի է համարում այս հայտարարությունը, այն, թերևս, պետությանը հաճելի լինելու միտում ունի:
Պատրիարքական աթոռի հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ պատարագների ժամանակ մշտապես աղոթում են երկրի նախագահի և բանակի բարօրության համար: Աղոթում ենք, որպեսզի «Խաղաղության ակունք» օպերացիան հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվորները հաջողությամբ կատարելով իրենց առաքելությունը բարեհաջող տուն վերադառնան: Աստծուց խաղաղություն ենք խնդրում ահաբեկչության, բռնության և տեղահանության ենթարկված սիրիացի ժողովուրդի համար:
Միևնույն ժամանակ նկատենք, որ պատրիարքարանի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած տարածքներում ապրող հայ բնակչության մասին: Բագրատ Էստուկյանի կարծիքով, այս հանգամանքը անտեսվում է՝ ելնելով պետական քարոզչության ընդհանուր տրամաբանությունից, թե ռազմական օպերացիայի հետևանքով խաղաղ բնակչությունը չի տուժում: