Ղամիշլիից Հայաստան տեղափոխված Բաղդոների՝ Բաղդասարյանների ընտանիքում ամենուր, բոլոր էկրանների վրա արաբական ալիքներն ու վերջին նորություններն են։ Նուբար Բաղդոն ասում է՝ հորաքույր, մորաքույր, ընկերներ, շատերն են այնտեղ՝ երեկվանից ռումբերի տակ։
«Երեկ մեր տնից մի փողոց վերև մի հատ ռումբ է ընկել քրիստոնյա ընտանիքի վրա, վիրավոր են», - ասաց Նուբար Բաղդոն։
Ղամիշլիում հայկական առանձին թաղամասեր չկան, Նուբարն ասում է՝ դժվար է ենթադրել թուրքական հրթիռները հայերին, քրդերին, թե ասորիներին կհասնեն. «Ռումբը, որ գալիս է, չգիտի էսի հայ է, թե քուրդ է, թե քրիստոնյա է»։
Ընտանիքում անընդհատ կապի մեջ են հարազատների հետ, ընկերների հետ։
«Մի ժամ առաջ զանգել եմ, ասում են՝ քաղաքը հանդարտ է, վախենում են, որ հանկարծ մտնի տանկերով ներս Թուրքիան», - նշեց Նուբար Բաղդոն։
Ընդ որում՝ ճշտումներ են անում տարբեր աղբյուրներից՝ Դալարն էլ միանում է Գերմանիա, որտեղ Ղամիշլիից հեռացած քրդուհի ընկերուհին է ապրում. «Պետությունը ասել է քուրդերին, որ «հանձնեք մեր ամեն ինչը, այսինքն պետական ինչ-որ վերցրել եք կառույցները, պլյուս ձեր զենքերը հանձնեք», չեն ընդունել քուրդերը, երկրորդ՝ արդեն Թուրքիան մտել է»։
Հետո միանում է եղբորը՝ Ղամիշլի. Հարությունն ասում է՝ հայկական խանութները, աշխատավայրերը փակ են, երիտասարդ տղաներն էլ խուսափում են փողոց դուրս գալ:
«Խանութները փակ են, քանի որ չգիտենք ինչ կլինի, երկրորդը՝ քուրդերը հավաքում են երիտասարդներ», - նշեց Հարությունը։
Ղամիշլիում այս պահին մոտ 3 հազար հայ է ապրում, դեսպանատունն առաջարկել է նրանց տարհանումը կազմակերպել։ Հարությունն ասում է՝ ցանկացողներ չկան, ինքն էլ մանկահասակ երեխաներ ունի, բայց հեռանալ չի ուզում:
«Մեր երեխաները վարժվել են, երկրորդը՝ մեր երեխաները շատ զորավոր են, պատերազմ տեսան քանի որ։ Ես երեկ գիշերը պատուհանները փակել եմ, որ փոքր երեխաներս չլսեն ձայնը, ուրիշ ընտանիքներ էլ նույն ձևն են արել», - ասաց Հարությունը։
Դալարը նաև պաշտոնական աղբյուրներից է տեղեկություն փնտրում, կապի մեջ Ղամիշլիի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչ Հակոբ Պարսամյանն է, նա էլ է ասում, օրը քաղաքում խաղաղ է եղել, եթե սրացում լինի՝ հաշվի առնելով, որ սահմանին հրետանին է, հայկական ընտանիքներն ավելի ապահով շրջան կտեղափոխվեն:
«Մենք Սիրիայի հայ քաղաքացիներ ենք և ինչպես Սիրիայի մեջ բոլոր մեր շրջանները դիմացան և թիկունք կանգնեցին սիրիական հայրենիքին, մենք էլ նույն ճակատագրին կհետևենք», - նշեց Հակոբ Պարսամյանը։
Բաղդոների տունն էլ երեկ ռմբակոծված Բշերիե թաղամասում է, լուր ունեն, որ տունն անվնաս է մնացել։ Ընտանիքի ավագը՝ Մինաս Բաղդոն երկու ամիս առաջ է Ղամիշլիից Երևան եկել և պատրաստվում է մի քանի օրից հետ վերադառնալ, այնտեղ հանքային ջրերի արտադրություն ուներ, որ վաղուց չի աշխատում, բայց ամեն օր գործի գնալու սովորություն ունի:
«Փակ է, բայց ամեն օր գնում եմ բացում եմ, նստում եմ, որ չբացեմ չես իմանա՝ կմտնեն կառնեն», - ասաց Մինաս Բաղդոն։
Երևան-Դամասկոս-Ղամիշլի օդանավի տոմսը չեղարկել չի պատրաստվում։