Մատչելիության հղումներ

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա


Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, 9-ը հոկտեմբերի, 2019թ.
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, 9-ը հոկտեմբերի, 2019թ.

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ գործողությունն ապօրինի որակեց, միջազգային հանրությանը կոչ արեց գործուն միջոցներ ձեռնարկել այդ գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը։ Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումը դատապարտող հայտարարությամբ ավելի վաղ հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, հայտարարել էին Արտգործնախարարությունից՝ կոչ անելով գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։

Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև շեշտված էր՝ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը տարածած հայտարարության մեջ անդրադարձավ կոնկրետ տեղի հայերին՝ շեշտելով՝ Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Սինանյանը վստահեցրել է՝ Հայաստանի կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին:

Հայաստանի Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող հայ համայնքը Թուրքիայի ռազմական գործողություններից չի տուժել:

Արտաքին գերատեսչության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը դարձած Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 15-ը հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվել Հասակե քաղաք:

«Բոլոր դեպքերում դեսպանությունը կամ որևէ մեկը չի կարող մտնել այդ շրջանները, էդ հնարավորությունը չկա։ Տուժածներ չկան, փառք Աստծո, մենք մշտական կապի մեջ ենք և պատրաստ ենք ցանկացած զարգացումների», - նշեց Մելքոնյանը։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Կամիշլի քաղաքում, որտեղ այս պահին կա մոտ 3000 հազար հայ: Հայաստանցի դիվանագետի խոսքով՝ Կամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել է հրթիռակոծության, բայց տեղի հայությունը այս պահին տարհանման ցանկություն չունի, քանի որ վտանգ դեռևս չեն զգում։

«Կամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների հսկողության ներքո, այնպես որ, չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջանների հետ ընդհարման», - նշեց Մելքոնյանը՝ շարունակելով․ - «Դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքի ղեկավարության հետ, այս պահին տարհանման ցանկություն չունեն, քանի որ այդպիսի վտանգ դեռևս չեն զգում, իհարկե, նաև պատրաստ են ցանկացած զարգացման, և եթե այդպիսի իրավիճակ առաջանա, որ անհրաժեշտ լինի տարհանում, ապա դա իհարկե կկատարվի՝ նաև համագործակցաբար Հալեպի և Դամասկոսի ազգային իշխանությունների հետ»:

Արտգործնախարարությունը քիչ առաջ նաև տեղեկացրեց՝ այս պահին մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանի առաջարկով՝ ստեղծված իրավիճակը կառավարությունը քննարկել է նաև դռնփակ ռեժիմով։ ԱԺ-ի գիտության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հնարավոր է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված օպերատիվ խումբ ձևավորվի իրավիճակին հրատապ արձագանքելու համար։ Ինքը ու այլ պատգամավորներ, և ոչ միայն իշխանական խմբակցությունից, ասաց, պատրաստ են Սիրիա մեկնել։

Հայրապետյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ խաղաղ բնակչությունն է թիրախավորված եղել։

«Աշխարհաքաղաքական տարատեսակ հարցեր կան, բացի այդ պետք է այդտեղ պատգամավորների անվտանգությունը ապահովվի, որքանով է նպատակահարմար, որ այս պահին մեզ վրա այդ ուշադրությունը սևեռվի, պիտի հասկանանք՝ եթե մեր գնալը այս պահին որևէ հարց կլուծի անպայման պատգամավորները լինելու են Սիրիայում», - նշեց Մխիթարյանը։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ նաև Սիրիայի օրինակով պետք է տեսնել, թե ինչ երկիր է Թուրքիան, և լինել իրողություններին ադեկվատ։

«Պետք է տարբերակ գտնել Թուրքիայի սպառնալիքի խնդիրը ինչ-որ կերպ լուծել, այդ ինչ-որ կերպը էն կերպը չի, որ Թուրքիան մենք կարող ենք դարձնել արյան ծով, այստեղ նաև ռուսական բազայի խնդիրն է առաջ գալիս, երբ որ մարդիկ կան էստեղ, օրինակ, կոչ են անում, որ մեզ բազան պետք չի և այլն, մոռանում են՝ Թուրքիան ինչպիսի երկիր է։ Թուրքիան հիմա մեզ վրա չի հարձակվում, հարձակվել է Սիրիայի վրա, բայց Թուրքիան մեր հարևանն է, և սրանք օրինակներ են, որ մեր Ազգային անվտանգության խորհրդում նստած մարդիկ դոկտրինի վրա են աշխատում, և մենք հանդիպում ենք ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ և ես սրա մասին խոսել եմ, որ պետք է սցենարներ մշակվեն հնարավոր սպառնալիքների հետ կապված», - նշեց Մարուքյանը։

XS
SM
MD
LG