Խորհրդարանական ուժերը դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված գործողությունները, շեշտելով՝ մամուլի դեմ հարձակումն արդարացում ունենալ չի կարող:
Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցներին շեշտեց՝ իրավապահ մարմինները ամենասեղմ ժամկետներում պետք է արձագանքեն տեղի ունեցածին, և մեղավորներն էլ համապատասխան պատիժ կրեն:
Հիշեցնենք, «Հայելի» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին և տվել համապատասխան բացատրություններ։
Ավելի վաղ «Հայելի» ակումբը տեղեկացրել էր, որ չորս քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ այդ լրատվամիջոցն իրավունք չունի գործունեություն ծավալել։
«Ես խստորեն դատապարտում եմ այդ երևույթը, որևէ դեպքում չի կարող լրատվամիջոցի վրա հարձակումը ունենալ արդարացում, որևէ դեպքում: Ինքս տեսել եմ այդ տեսանյութը և կարծում եմ, որ էնտեղ, էսպես, ավելի շատ հասունացած ինչ-որ ագրեսիվ տրամադրվածություն էր, և այդ վերնագիրը պարզապես առիթ էր հանդիսացել այդ բացասական արձագանքը պարպելու համար», - հայտարարեց Իվետա Տոնոյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ շեշտեց՝ նմանօրինակ գործողություններով իրականում վնաս են հասցնում պետությանը, քանի որ այդ դեպքն առաջիկայում ընդգրկվելու է Հայաստանի մասին տարբեր զեկույցներում: Միևնույն ժամանակ, Մարուքյանը շեշտեց՝ մի քանի քաղաքացու ինքնագործունեության պատճառով չի կարող ասել, թե Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, թե ժամանակին կարծում էր, որ «արջի ծառայություն» մատուցում են միայն հանրապետականների օրոք, մինչդեռ նրանք, ովքեր այսօր նմանօրինակ քայլեր են ձեռնարկում՝ լինելով վարչապետի և «Իմ քայլի» աջակիցը, իրականում վնաս են հասցնում իշխող ուժին:
«Վաղը, մյուս օրը մենք ստրասբուրգներում սկսելու ենք մեր երկիրը պաշտպանել, ասենք, տարբեր զեկույցներից, որտեղ գրված է լինելու, որ եղել է նման բան: Հիմա, ինչի՞ ենք անում դա, որ հետո գնանք էդ զեկույցների դեմ հերոսաբար պայքարենք: Ես հո լավ գիտեմ՝ դա ոնց է պատրաստվում, էդ զեկույցները: Հիմա դրա համար ասում ենք՝ ժողովուրդ ջան, հա, չեք սիրում, ձեր դուրը չի գալիս, չգիտեմ, մեկին՝ վերնագիրը չի դուրը գալիս, էն մեկին՝ բան, դիմացեք, ձեզ զսպեք՝ դա է ժողովրդավարությունը, որ պետք է հանդուրժեք տարբեր կարծիքներ, տարբեր ձևակերպումներ», - ասաց Մարուքյանը:
Իշխող «Իմ քայլ»-ից պատգամավոր, Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ շեշտեց՝ թեև վերջին շրջանում «Հայելի»-ն իրեն շատ է քննադատում, բայց, միևնույն է, ցանկացած լրատվամիջոցի դեմ հարձակում անընդունելի է իր համար:
«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը այլընտրանք չունի, առանց ազատ և անկախ մամուլի և զանգվածային լրատվության միջոցների իրական ժողովրդավարություն լինել չի կարող: Մեկնելով Վոլտերին՝ ես չեմ կիսում լրատվամիջոցի կարծիքը, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի լրատվամիջոցը ունենա իրավունք՝ արտահայտելու այդ կարծիքը: Եվ սա վերաբերում է բոլորին», - հայտարարեց Վարդանյանը:
Այսօր մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, պահանջելով իշխանություններից և ընդդիմադիր քաղաքական ուժերից հանդես գալ հայտարարություններով և կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ և տեսակետներ արտահայտողների նկատմամբ:
Իրավապահ մարմիններից լրագրողական կազմակերպությունները պահանջում են քննել Hayeli.am-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը և հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ:
Իրավապաշտպան կազմակերպությունները նաև հորդորում են տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող զանգվածային լրատվամիջոցներին վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ, հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը:
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Հայելի» ակումբի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկել են Քննչական կոմիտե: