Ռուբինյան․ Ալիևի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի», նշանակում է, որ ադրբեջանական կողմը մերժում է հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած բանաձևը:

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ խնդրի լուծումը պետք է բավարարի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ թե Ադրբեջանի ժողովուրդներին:

«Ալիևի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այս բանաձևը և հետևաբար չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում», - ասաց Ռուբինյանը:

Ալիևը Սոչիում՝ «Վալդայ» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը:

Ռուբեն Ռուբինյան․ - «Ադրբեջանը շարունակում ռազմատենչ հայտարարությունները, շարունակում է իր ռազմատենչ և ագրեսիվ գործողությունները»:

Հայաստանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ պնդելով․ - «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար»:

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի վարչապետի կողմից առաջարկված բանաձևն ուղղված էր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությանը, մինչդեռ ադրբեջանական կողմը անտեսում է կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները, «որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»:

Փաշինյանի արտահայտությանն ավելի վաղ արձագանքել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նույն «Վալդայ» համաժողովի ընթացքում ասել է․ - «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»»:

Ռուբինյանը այսօր Լավրովի հայտարարության առնչությամբ նշել է․ - «Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանության մեջ, որը վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից: Կա բանաձև, որը, ըստ էության, հակամարտության լուծման միակ բանաձևն է»:

Այս ամենի ֆոնին երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ - «Հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատահական չի համարում հակառակորդի ակտիվացումը Հայաստանի հյուսիսային սահմանին։

Նրա խոսքով, Հայաստանի դաշնակից երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականը Նիկոլ Փաշինյանի «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության վերաբերյալ «կրակելու թույլտվություն է» Ադրբեջանի համար․ - «Պարզվում է, Ռուսաստանին չեն հետաքրքրում բուն, ռեալ, իրականության մեջ տեղի ունեցող հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, լարվածության ահռելի էսկալացիան: Օրինակ, Ռուսաստանի արտգործնախարարը չի գտնում, որ իրենց կողմից Ադրբեջանին հարձակողական զենք տրամադրելը, որը Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես Հայաստանի վրա հարձակվելու ազդակ, պարզվում է, Ռուսաստանին դա չի մտահոգում, որպես բանակցային գործընթացի խաթարող էլեմենտ: Բայց, օրինակ, Հայաստանի տեսլականը խանգարում է: Սա նոնսենս է սա աբսուրդ է»: