Մատչելիության հղումներ

«Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիևն արձագանքել է Փաշինյանի մեկ ամիս առաջ արած հայտարարությանը


Ռուսաստան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում «Վալդայ» համաժողովին, Սոչի, 4-ը հոկտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում «Վալդայ» համաժողովին, Սոչի, 4-ը հոկտեմբերի, 2019թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սոչիում արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։

«Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - երեկ «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում ասել է Ալիևը։

Իր ելույթում Ադրբեջանի նախագահն, իհարկե, հիշատակել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությունն այն մասին, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Ալիևն ասել է, որ Ռուսաստանն արդեն հնչեցրել է համապատասխան գնահատականը Փաշինյանի հայտարարությանը։

Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանի վարչապետի բազմիցս արած այն հայտարարությանը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար. «Չկա այդպիսի գաղափար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը կազմված էր ադրբեջանցիներից և հայերից, որոնք ունեին հավասար իրավունքներ»։

Ադրբեջանի նախագահը երեկ ևս մեկ անգամ հայտարարել է, որ Բաքվի համար հակամարտության կարգավորումը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների վերադարձ իրենց բնակավայրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ։

«Վալդայ» վեհաժողովին մասնակցելուց առաջ երեկ Ալիևը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ալիև-Պուտին պաշտոնական և ոչ ֆորմալ հանդիպումներից մանրամասներ չկան, սակայն համաժողովին ունեցած իր ելույթում ռուս- ադրբեջանական ռազմավարական հարաբերություններից խոսելիս Ալիևը շեշտել էր, որ Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։

«Այսօր մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ», - ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի՝ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը։

Սոչիում Ադրբեջանի նախագահն ընդգծել է Պուտինի հետ իր բարեկամական հարաբերությունները, մասնավորապես՝ Պուտինի հետ պաշտոնական բանակցություններն սկսելիս ասել է, թե չեն հանդիպել շուրջ չորս ամիս, ինչը մեծ դադար է ակտիվ շփումներ ունեցող երկու առաջնորդների համար, իսկ «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում դրվատանքով է խոսել Ռուսաստանի նախագահի մասին։

«Պուտինն այն հիմնական գործոնն է, որը թույլ է տվել Ռուսաստանին պատվով դուրս գալ 2000-ականների սկզբի փորձություններից: Սա ճշմարտություն է, որի մասին պետք է բոլորը իմանան», - երեկ հայատարարել է Իլհամ Ալիևը։

XS
SM
MD
LG