«Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է». կայացավ ԵԱՏՄ խորհրդի նիստը

Երևանում` նախագահական նստավայրում, այսօր տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 7 պետությունների առաջնորդներ:

Երեկ Երևան էին ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ Հայաստանում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որպես հրավիրյալներ այստեղ են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Վերջինը Երևան ժամանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրերին ընդունեց նախագահական նստավայրի դռների մոտ:

Երբ երկրների առաջնորդները ժամանեցին Հայաստանի նախագահի նստավայր, կարճ զրույց ունեցան, այնուհետև դուրս եկան՝ խմբակային լուսանկարման համար, և երբ վերադառնում էին նստավայր, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը մոտեցավ, հարց ուղղեց Պուտինին, թե ե՞րբ է Ռուսաստանը պատրաստվում զորքերը դուրս բերել Վրաստանի օկուպացված տարածքներից, և ե՞րբ է Ռուսաստանը պահելու իր խոստումը:

«Մենք միշտ պահում ենք մեր խոստումը», - արձագանքեց Ռուսաստանի նախագահը: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լրագրողին այլ հարցեր ուղղել և հրելով մի կողմ տարան:

Արարողակարգային ձեռքսեղմումից և տեսանկարահանումից հետո տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Նեղ կազմով նիստը փակ էր լրագրողների համար: Այս կապակցությամբ հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Այնուհետև կայացավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Նիստին բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես կարևորեց Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարների ներկայությունը:

«Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: Եվ ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում: Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել», - ասաց Փաշինյանը:

Ընդլայնված նիստում ունեցած ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս գոհունակություն հայտնեց Միության ընդլայնման կապակցությամբ:

«ԵվրազԷՍ-ը առաջանցիկ տեմպերով զարգանում է, ստեղծվել է մեծ ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները դրական ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսության աճի վրա, նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը:

Լավ տեմպերով է ընթանում էներգետիկայի ոլորտում միության օրենսդրական կարգավորումների կատարելագործման պրոցեսը: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնեն ԵվրազԷՍ-ի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման շուրջ պայմանավորվածությունները: Միասնական էլեկտրաէներգետիկական տարածքը պետք է ձևավորվի 2025 թվականին՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ձևավորմանը համընթաց: Այս առումով նախևառաջ անհրաժեշտ է վերջնական տեսքի բերել անդամ-երկրների օրենսդրության միասնականացումը գազի մատակարարման և տեղափոխման ոլորտում», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը։

ԵԱՏՄ նիստում ուշագրավ էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը, ով առիթն օգտագործեց Միացյալ Նահանգներին քննադատելու համար և նշեց, թե համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում:

«Միջազգային կարգի հիմքում ընկնած է միջազգային հանրության բոլոր անդամների միջև համագործակցությունը բազմակողմանի ձևաչափերով: Եվ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը և իրենց միջազգային պարտավորությունների շրջանակում աջակցել անվտանգությանը, խաղաղությանը և միջազգային կարգին: Որոշ երկրներ, այդ թվում Իսլամական Հանրապետությունը, ընդդիմանում են Միացյալ Նահանգների թշնամական և միակողմանի գործողություններին, ինչը հանգեցրել է դաժան և անմարդկային պատժամիջոցների», - ասաց Հասան Ռոհանին՝ շարունակելով. «Վերջին տարիներին ԱՄՆ-ի օրինակին հետևում են բազմաթիվ երկրներ, այդ թվում անգամ մեր որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Ռուսաստանը, կիրառելով միակողմանի մոտեցում և անտեսելով միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը և խախտելով երկկողմ համաձայնությունները: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ-ի թշնամական և միակողմանի մոտեցմանը և լուրջ որոշումներ ու արդյունավետ քայլեր ձեռնարկի դրա դեմ: ԱՄՆ-ի քայլերը՝ դոլարը որպես զենք օգտագործելու, կարող են հանգեցնել տնտեսական ահաբեկչության՝ հասարակ մարդկանց կյանքի դեմ»:

Նիստում քննարկվեցին ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, ստորագրվեցին աշխատանքային փաստաթղթեր:

Կնքվեց նաև Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը։

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշեցին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: