Թրամփ - Զելենսկի հեռախոսազրույցը ի պաշտոնե լսած գործակալին թույլատրվել է ցուցմունք տալ Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության պետը պաշտոնապես թույլատրել է իր այն աշխատակցին, որն առաջինն էր հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահի հասցեին ուղղված սպառնալիքների մասին, ցուցմունքներով հանդես գալ Կոնգրեսում:

Այս մասին հայտնել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամները` հավելելով, որ գործակալի ինքնությունը լսումների ընթացքում չի գաղտնազերծվի:

Ազգային հետախուզության ներկայացուցիչները նշել են, որ գործակալի հասցեին նախագահ Թրամփի ուղղած վերջին կոշտ քննադատությունից հետո լուրջ մտահոգություններ ունեն նրա անվտանգության հարցում:

Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր բազմաթիվ գրառումներով ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցին մեղադրել է խաբեության և ապօրինի լրտեսության մեջ, սպառնացել է՝ Թվիթերում գրելով․ - «Ինչպես ցանկացած ամերիկացի, ես էլ եմ արժանի հանդիպելու իմ մեղադրողի հետ, հատկապես՝ երբ այդ մեղադրողը օտարերկրյա առաջնորդի հետ իդեալական զրույցը ներկայացնում է միանգայն սխալ և սուտ տոնով»:

Թրամփի նախագահության թերևս ամենամեծ սկանդալը դարձած այդ զրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահն իր ուկրաինացի պաշտոնակցին խնդրել է օգնել հետաքննելու 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքի մեջ մտած իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի վարչության անդամ Հանթերի գործունեությունը Ուկրաինայում:

Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը, ծառայողական պարտականությունների շրջանակում լսել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցը, որի վերաբերյալ մտահոգությունը շարադրել է իր գրավոր բողոքում և ուղարկել ղեկավարությանը: Բողոքի հեղինակին անհանգստացրել է նաև այն փաստը, որը այդ հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են արգելափակել զրույցի ձայնագրությունների, այդ թվում պաշտոնական սղագրության հասանելիությունը:

Սպիտակ տունը, ինչպես խոստացել էր նախագահ Թրամփը, հրապարակել է աղմկահարույց հեռախոսազրույցի բովանդակությունը, սակայն, ինչպես նշված է այդ փաստաթղթում, հրապարակվածը ոչ թե զրույցի սղագրությունն է, այլ զրույցի բովանդակության գրառումը:

Դեմոկրատական ճամբարում պնդում են, թե Թրամփը գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի նկատմամբ` սպառնալով սառեցնել այդ երկրին տրամադրվելիք ֆինանսական օգնությունը:

Դեմոկրատ օրենսդիրների նախաձեռնությամբ Կոնգրեսի միանգամից մի քանի հանձնաժողովներ զուգահեռաբար հետաքննում են այդ հեռախոսազրույցը, որի հետևանքով Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել: Հետաքննության շրջանակներում Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները Թրամփի վարչակազմից պահանջում են հրապարակել նաև ԱՄՆ-Ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ձայնագրությունները:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե կարևոր է իմանալ, թե «արդյոք նախագահ Թրամփը մյուս համաշխարհային առաջնորդների հետ, մասնավորապես, Պուտինի հետ զրույցներում, վտանգել է ամերիկյան անվտանգությունը»:

Հաջորդ շաբաթ ներկայացուցիչների պալատում նախագահ Թրամփի իմպիչմենտի գործընթացի շուրջ լսումների շրջանակներում օրենսդիրները հարցաքննության են կանչել պետքարտուղար Մայք Փոմփեոյին, Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի արդեն նախկին բանագնաց Քուրտ Վոլքերին, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչին և այլ պաշտոնյաների: Ներկայացուցիչների պալատը Պետքարտուղարությունից նաև պահանջել է Սպիտակ տան և Կիևի միջև շփումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Ցուցմունք տալուց, ինչպես նաև փաստեր տրամադրելուց հրաժարվելը կոնգրեսականները կարող են գնահատել որպես հետաքննությանը խոչընդոտել: