Այսօր ազգային սգի օր է հռչակված Ֆրանսիայում՝ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
1995-2007 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին:
Հազարավոր ֆրանսիացիներ շտապում էին ստորագրել Ելիսեյան պալատում բացված ցավակցական մատյանում, կամ վերջին հրաժեշտը տալ նախկին նախագահին Սեն-Լուի-դեզ-Էնվալիդ տաճարում, ուր երեկվանից դրված է նրա աճյունը: Այստեղից է, որ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցի կբերվի Ժակ Շիրակի աճյունը, որտեղ ժամը 12-ին՝ հուղարկավորությունից առաջ, հատուկ հանդիսավոր արարողություն կկատարվի նախագահ Էմանյուել Մակրոնի գլխավորությամբ և նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Նիկոլա Սարկոզիի ու Վալերի Ժիսկար դ՛Էստենի ներկայությամբ:
Երկրում առաջացած մեծ հուզումը Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ զարմանալի չէ: Նա մոտ էր կանգնած իր ժողովրդին, անմիջական էր և ջերմ, ժողովուրդն էլ այսօր իր հարգանքն է մատուցում նրան ըստ արժանվույն:
Ըստ այս օրերին կատարված մի հարցախույզի, Ժակ Շիրակին ֆրանսիացիները համարում են Հինգերորդ հանրապետության լավագույն նախագահը՝ Շառլ դը Գոլի հետ հավասարապես:
Այսօր նշվում է հատկապես այն վճռականությունը, որ ցուցաբերել է Շիրակը, երբ 2003 թվականին մերժել է Ֆրանսիայի մասնակցությունը Իրաքյան պատերազմին՝ ընդդիմանալով ամերիկյան դաշնակցին, և կամ էլ երբ 1995 թվականի իր մի ելույթում, հակառակ իր նախորդներին, ընդունել է Ֆրանսիայի իշխանությունների մեղսակցությունը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գերմանական նացիստների հետ համագործակցելու համար:
Հայերի համար Ժակ Շիրակը կմնա իբրև այն նախագահը, որը վավերացրել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2001 թվականի հունվարի 29-ի օրենքը և եղել է Հայաստան այցելած Ֆրանսիայի առաջին նախագահը:
Այս հանգամանքները նշելով՝ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել Ժակ Շիրակի ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահին:
Ժակ Շիրակը նախ իբրև Փարիզի քաղաքապետ, ապա նաև՝ իբրև Ֆրանսիայի նախագահ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 2004 թվականի հուլիսին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի Փարիզ այցի ժամանակ կազմակերպված ընդունելությանը Շիրակը հանդես էր եկել շատ ջերմ ելույթով, որում շեշտել էր, որ Ֆրանսիան առանձնահատուկ սեր է տածում Հայաստանի հանդեպ և ցանկանում է օգնել նրան: Նույն ելույթի ժամանակ դիմելով Վեհափառին՝ նա ասել էր․ - «Այն առասպելական բնաշխարհում, ուր կանգ էր առել Նոյան տապանը, այնքան արգավանդ էին դաշտերը, այնքան գեղեցիկ, ընդերքը՝ այնքան հարուստ, որ Հայկը կարծեց, թե հայտնաբերել է Աստծո դրախտավայրը: Մի երկիր, որը, ավաղ, հրի ու սրի է ենթարկվել հաճախ»:
Ժակ Շիրակը շատ զարգացած անձնավորություն էր և քաջատեղյակ էր հայոց պատմությանը:
Ֆրանսիայի նախկին նախագահի հոգեհանգստի արարողությանը կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: