Կրեմլում հույս ունեն, որ «կգա պատշաճ ժամանակը»՝ անհրաժեշտ և հարմար պայմաններ ստեղծելու Վրաստանի հետ օդային ուղիղ հաղորդակցությունը վերսկսելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Վրաստանի հետ օդային կապը ոչ թե չեղարկվել է, այլ՝ դադարեցվել:
Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը կարող է վերականգնվել արդեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ճիշտ կլիներ վերականգնել Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները:
Ռուս-վրացական հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվել են հունիսի 20-ին ռուս պատգամավորի մասնակցությամբ Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, որը երկրում հակակառավարական և հակառուսական բողոքի ցույցերի պատճառ դարձավ: Հաջորդ օրն իսկ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև ավիաչվերթները դադարեցնելու հրամանագիր ստորագրեց, զբոսավարներին խորհուրդ էր տրվել խուսափել Վրաստան այցերից: