Հրապարակվել է Թրամփ - Զելենսկի աղմկահարույց հեռախոսազրույցի կապակցությամբ բողոքը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հրապարակել է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցի բողոքը՝ Թրամփ - Զելենսկի աղմկահարույց հեռախոսազրույցի կապակցությամբ:

Բողոքը, ինչպես պնդում են դեմոկրատական ճամբարում, կարող է երկրի նախագահի իմպիչմենտի պատճառ դառնալ:

«Իմ ծառայողական պարտականությունները կատարելիս ես տարբեր պաշտոնյաներից տեղեկատվություն եմ ստացել առ այն, որ Միացյալ Նահանգների նախագահը օգտագործում է իր վարչակազմի աշխատակիցներին, որպեսզի պահանջի օտար պետություններից միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Այդ միջամտություններից մեկը իրենից ներկայացնում է ճնշում օտար պետության նկատմամբ՝ նախագահի քաղաքական գլխավոր հակառակորդի դեմ հետաքննություն սկսելու նպատակով», - ասվում է փաստաթղթում, որի հեղինակի անունը գաղտնի է պահվում:

Բողոքի հեղինակը նշում է Թրամփի անձնական փաստաբանի անունը՝ Ռուդի Ջուլիանիի, որպես հնարավոր միջամտության առանցքային դերակատար: Դրան մասնակցում է նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների ազդարարը ընդգծում է, որ այդ գործողությունների ականատեսը չի եղել, սակայն հավաստիացնում է` այդ տվյալները ստացել է միանգամից «ավելի քան վեց աղբյուրներից»:

Բողոքի տեքստում հեղինակը, վկայակոչելով պաշտոնական անձանց, պնդում է, որ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներ փորձել են արգելափակել մուտքը այդ զրույցի ձայնագրություններին՝ այդ թվում պաշտոնական սղագրությանը, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով բողոքի հեղինակը համոզվել է, որ նախագահական աշխատակազմում հասկացել են տեղի ունեցածի լրջությունը:

Մասնավորապես, ինչպես հայտարարում է ազդարարը, նախագահականի աշխատակիցները պատմել են, որ Սպիտակ տան իրավաբանները իրենց կարգադրել են հեռախոսազրույցի սղագրության էլեկտրոնային տարբերակը համակարգչից տեղափոխել այլ՝ գաղտնի տեղեկատվության պահման համակարգ:

Ինչպես խոստացել էր նախագահ Թրամփը՝ Սպիտակ տունը երեկ հրապարակեց սկանդալի պատճառ դարձած հեռախոսազրույցի սղագրությունը:

Մինչ այդ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արդեն ազդարարել էր նախագահի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկը, որի հետևանքով իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել: Դեմոկրատական ճամբարում պնդում են` Թրամփը գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, ճնշում է գործադրել Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ` սպառնալով սառեցնել Ուկրաինային ուղղվելիք ֆինանսական օգնությունը:

Զելենսկին հերքում է այս պնդումները, Սպիտակ տան ղեկավարը՝ ծիծաղելի համարում:

Ըստ այդ սղագրության՝ զրույցի ընթացքում նախագահ Թրամփը ուկրաինացի պատոնակցին խնդրել է հետաքննել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած բիզնես գործունեությունը:

Բայդենը Թրամփի հնարավոր մրցակիցն է 2020 թվականի նախագահական ընտրություններում:

Բայդենների դեմ հետաքննության հարցում Թրամփը Զելենսկուն խնդրել է համագործակցել իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի և Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ուիլյամ Բարի հետ:

Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսային զրույցի պատճառով դեմոկրատների կողմից նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելը Դոնալդ Թրամփը ծիծաղելի է համարում, փոխարենը հերթական անգամ հայտարարել է՝ զրույցը գերազանց էր:

Թրամփը կրկին քննադատել է Ջո Բայդենին․ Սպիտակ տան ղեկավարի խոսքերով՝ նախկին փոխնախագահը ներքաշված է կոռուպցիայի մեջ:

Երկու նախագահների զրույցի սղագրությունը հրապարակվել է նախօրեին՝ նրանց հանդիպումից ժամեր առաջ: Թեև քննադատության թիրախում հիմնականում Միացյալ Նահանգների առաջնորդն է, սակայն Զելենսկին էլ իր հերթին բավական անհարմար դրության մեջ հայտնվեց՝ հայտնաբերելով, որ հասանելի են դարձել նաև իր խոսքերը, ընդ որում նաև այլ թեմաների վերաբերյալ:

Գաղտնազերծված սղագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև եվրոպացի առաջնորդներին:

«Գերմանիայի կանցլերը խոսում է Ուկրաինայի մասին, սակայն ոչինչ չի անում», - ասել է Թրամփը: Զելենսկին համաձայնել է ԱՄՆ նախագահի հետ, նույնպես դժգոհել է, որ նրանք բավարար չափով չեն հետևում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացմանը, և ասել է, թե Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար «շատ ավելին է անում, քան Եվրամիությունը»:

«Դեմոկրատները փորձում են փլուզել Հանրապետական կուսակցությունը, միասնական եղեք, վճռականորեն դիմադրեք, հանրապետականներ», - Թվիթերում գրել է Թրամփը: