Նախարարը ընդգծեց, որ նման ծավալներով զորահավաքային վարժանքներ Հայաստանում առաջին անգամ են անցնակցվում:
Տոնոյանն խոսեց երկու օր առաջ Ղարաբաղում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձի մասին։ Հարցին, թե ինչով է պայմանավորում ադրբեջանական կողմի ակտիվությունը, նախարարն արձագանքեց՝ չի կարող ասել։
Պաշտպանության նախարարության համար միջադեպը տարօրինակներից է․ - «Ես կխուսափեմ որևիցե գնահատական տալուց, թե ինչ է կատարվել, որովհետև այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում, թե իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից, պետք է նաև հասկանալ, Պաշտպանության բանակի գնահատականը իրականում ինչպիսին է»:
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պաշտպանության բանակի դիրքապահների պատասխան քայլերից հետո ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողել էր մեկ դի, իսկ Պաշտպանության բանակը կորուստ չէր ունեցել:
Ադրբեջանը հաստատել էր իր զինվորի մահը, սակայն հերքել դիվերսիայի փորձը:
Հայկական կողմը երեկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ զինվորի դին փոխանցել է Ադրբեջանին:
Նախարարն այսօր անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։ Գրիգորյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է բարձրայնում են նրա առողջական վիճակի և կալանավորված լինելու անհամատեղելիության մասին ու միջնորդում են, որպեսզի դատարանը փոխի խափանման միջոցը։
Դավիթ Տոնոյանն ասաց․ - «Ես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված։ Գեներալ Մանվելի էսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է, և անձնամբ ինձ համար և բոլոր երկրապահների համար»։
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Այսօր արդեն պայմանական ռազմական դրություն է հայտարարվել: Դրանց ընթացքում Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կիրականացնեն մարտական կրակի կիրառմամբ պայմանական նշանակետերի խոցումներ:
Հայաստանում անցկացվող զորավարժությանը զուգահեռ նաև Արցախում է անցկացվում համանուն զորավարժություն։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի։