ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նույն օրը կայանալիք հանդիպման շուրջ, ինչպես նաև անդրադարձել համանախագահների օրացույցում նախատեսված առաջիկա քայլերին: