Քոչարյանի ընդդիմախոսներն ու կողմնակիցներն այսօր ևս բողոքի ակցիաներ էին անցկացնում դատարանի առջև

Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները այսօր դատարանի առջև ցնծությամբ ընդունեցին դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մերժումը:

Դատարանի այս որոշումն արդարացի համարող իրավապաշտպան Վարդգես Գասպարին ասաց՝ մինչև Մարտի 1-ի մեղավորները չպատժվեն, իրենք պարտք են մնալու այդ արյունալի իրադարձությունների 10 զոհերին։

«Բոլոր զոհերի հարազատների առջև ես ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհվեմ և ներողություն խնդրեմ, որ մենք բավարար համառ չեղանք՝ մեղավորները ավելի շուտ պատժվեն», - նշեց Գասպարին։

Ռոբերտ Քոչարյանին փաստաբանները նրան գրավով ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել, այն մերժվելուց հետո փաստաբանները դատարանում հայտարարեցին, որ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին, պնդելով, որ նա ի վիճակի չէ իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում է այն թևի ազդեցության տակ, որը քաղաքական հետապնդում է իրականացրել պարոն Քոչարյանի նկատմամբ։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի կարծիքով էլ քաղաքական հետապնդում չկա, այսօրվա որոշումն, ըստ նրա, տեղին էր ու ճիշտ: Թեև Քոչարյանը դատարանում բազմիցս պնդել է, որ չի փախչելու ու չի ազդելու դատարանի ու գործի վրա, այդուհանդերձ Քլոյանը մնում է իր կարծիքին։

«Նա արդեն ազատության մեջ չէ, բայց նրա աջակիցներ մարդկանց ոտք են ջարդում, աչք են հանում, ծեծում են», - ասաց Քլոյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ Քոչարյանը դատարանում ասում էր, որ չի խաչընդոտելու և ասել է՝ «ծիծաղելի են փաստարկները, որ ես խոչընդոտելու եմ գործի կամ ազդելու եմ գործի վրա», Սարգիս Քլոյանն արձագանքեց. «Ազդելու է և խոչընդոտելու է, ես պնդում եմ»։

Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ «ճղճիմ է մտածել, որ հայրս ունենալով նման կենսագրություն կարող է խուսափել ու թաքնվել»:

Քոչարյանի աջակիցներից Գայանե Ավետիսյանը դատարանի որոշումը որակեց «սարսափելի անարդարացի». «Մենք համարում ենք, որ դա ոչ իր խղճի համաձայն և ոչ ճիշտ, ոչ ժողովրդի համար ճիշտ։ Մենք ազգովի արդեն նման ենք արդեն երկրի, որը քարե դարում է ապրում այսօրվա դրությամբ, որովհետև մեր արդարադատությունը փաստացի գոյություն չունի»։

Նիստի մեկնարկին վայրկյաններ էին մնացել, երբ Քոչարյանի ազատազրկումը պահանջողների շարքից Դավիթ անունով երիտասարդը մոտեցավ Քոչարյանի աջակիցներին ու կեղծ թղթադրամներ նետեց նրանց ուղղությամբ, ոստիկանները նրան հեռացրեցին տարածքից։

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանն էլ ասաց՝ դատարանի այս որոշումն ապացուցում է, որ երկրում արդարադատությունն օրօրի արթնանում է։

«Օրօրի մեր երկրում արդարադատությունը մի այլ ավելի բարձր մակարդակի է հասնում, այս արդարադատությունը, եթե պահպանենք, մենք բոլոր մեր երկրում հանցանք արած չինովնիկներին, անձերին կբերենք օրենքի դաշտ», - ասաց Աբրահամյանը։

Քոչարյանի ազատազրկումը պահանջողները տեղեկանալով, որ նա կշարունակի մնալ անազատության մեջ՝ երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին: 2008-ին հենց այս արձանի մոտակայքում էին տեղի ունեցել հետընտրական արյունալի իրադարձությունները: