Տոնոյան․ Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ որոշումը կայացվելու է Ստեփանակերտում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին կարող են փոխանակել Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Այս մասին Տոնոյանն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում․ - «Ես հանդիպում եմ ունեցել երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ փոխանցվել է պաշտոնապես առաջարկությունը Ադրբեջանի: Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող: Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման [համար]: Երբ որ ստանանք այդ ճշգրտված տեղեկությունն ադրբեջանական կողմից, կարձագանքենք»:

«Սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները, և աջակցելու ենք այդ գործընթացին», - շարունակեց նախարարը: - «Սա մաքուր հումանիտար գործողություն է, և ես տեսնում եմ այդ երկու և՛ Հայաստանի քաղաքացիների, և՛ Ադրբեջանի քաղաքացիների կամ այլ երկրների քաղաքացիների, որոնք գտնվում են հիմա Լեռնային Ղարաբաղում, տարանջատում: Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում, և դա ճիշտ մոտեցում չէ, առնվազն Պաշտպանության նախարարի կողմից: Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»:

Խնդրեցինք հստակեցնել՝ ի վերջո, չե՞ք բացառում, որ երկու հայ գերիները կարող են փոխանակել Ասկերովի ու Գուլիևի հետ:

«Չեմ բացառում», - ասաց Տոնոյանը: - «Բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշմամբ պետք է լինի»:

Պաշտպանության նախարարին հիշեցրեցինք, որ պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարել նման փոխանակումը․ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում անգամ այն «ցինիզմ» է որակել:

Դավիթ Տոնոյանն ասաց․ - «Այդ հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը բացառում է, ճիշտն ասած ինձ ծանոթ չէ»:

«Ազատության» ճշտող հարցին, նախարարն արձագանքեց․ - «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ես ոչ մի բան բացառել չեմ կարող, բայց այդ քաղաքացիների, Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ որոշումը կայացվելու է Ստեփանակերտում: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդ որում՝ ոչ զինվորական քաղաքացիներին, իրենց վերադարձի համար դա իմ անմիջական պատասխանատվությունն է, և ես անում եմ ամեն ինչ, որ դա կատարվի»:

Ի դեպ, լրագրողի դիտարկմանը, թե հայտնի է, որ Ադրբեջանում գերության մեջ են երեք հայեր, որոնցից մեկը, սակայն, Հայաստանի քաղաքացի չէ, և հարցին, թե ինչու այդ մարդու մասին խոսք չի գնում, Տոնոյանը արձագանքեց․ - «Հայաստանում էլ են մի քանի ավել ադրբեջանցիներ»:

Պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարության հետ կապված «Ազատությունը» արձագանք խնդրեց Դավիթ Բաբայանից:

Դավիթ Բաբայան


«Սա շատ կարևոր հայտարարություն է: Ինքնին մայր Հայաստանը փաստորեն ստիպված է և՛ քաղաքական, և՛ իրավական առումով արձագանքել Ադրբեջանին, որովհետև ի վերջո այդպիսի մի նամակ, գրություն եկել է նաև պաշտոնական Երևանին: Եվ այն, որ պարոն Տոնոյանն այդպիսի հայտարարություն է արել, որ դա Ստեփանակերտի սուվերեն իրավունքն է, սա շատ կարևոր է, Սա պատասխան է Ադրբեջանին: Ինչո՞ւ: Որովհետև Ադրբեջանը ուղղում է նամակը Հայաստան, Երևանին՝ դրանով ցույց տալով, որ չկա Արցախ, չկա արցախյան պետականություն, Հայաստանն է դա որոշում, Հայաստանը ագրեսոր է և այլն: Այդպիսի պատասխանը տեղն է դնում Ադրբեջանին: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը հետևյալն է, որ ինչքան էլ ծանր չլինի բարոյական, զգացմունքային տեսանկյունից, մենք չենք կարող ահաբեկիչներին և մարդասպաններին հետ տալ: Նրանք պետք է իրենց պատիժը կրեն: Եթե մենք հետ ենք տալիս, կրկնում եմ, սա նույնն է, ոնց որ Սաֆարովին հետ տանք, սա նույնն է, ոնց որ մոռացության մատնենք Սաֆարովի և այդ հանցագործների արարքը: Սա նույնն է, որ Արցախը պիտի պետականությունը ապամոնտաժի, ցույց տա, որ չունենք պետական կառույցներ և այլն, և այլն, հազար ու մի խնդիր: Սա սեպ է խփում Արցախի իմիջին, սա թուլացնելու է մեր միասնականությունը ներսում, բազմաթիվ այլ խնդիրներ: Սա խթանելու է տեռորիզմը Արդբեջանում, և հարյուրավոր նոր սաֆարովներ, ասկերովներ են ծնվելու, գալու են տարբեր ահաբեկչություններ կատարեն Երևանում, Ստեփանակերտում՝ իմանալով, որ պատիժ չի լինելու: Սա մենք չենք ուզում և թույլ չենք տալու այդպիսի բան»: