Դատավորը վիրավորվել է վարչապետի խոսքից, ԲԴԽ նախագահը՝ ոչ

ԲԴԽ անդամների և առաջին ատյանների դատարանների դատավորների հանդիպումը, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե դատական իշխանությունն իրեն անտեր է զգում և նոր տեր փնտրում, վիրավորել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

«Նման հայտարարությունները նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը և պատիվը: Ես գտնում եմ, որ նվաստացնում են ամբողջ դատական իշխանությունը և [Բարձրագույն դատական] խորհրդի արժանապատվությունը մասնագիտական ևս», - հայտարարեց Նախշքարյանը չորեքշաբթի երեկոյան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների և առաջին ատյանների դատարանների դատավորների հանդիպման ժամանակ:

Նախշքարյանը բացասական տենդենցներ է նկատում․ - «Եթե ես դատավոր եմ, ես դուրս եմ գալիս տանից, գնում եմ աշխատանքի՝ գիտակցելով հանդերձ, որ շենքերը կարող են արգելափակվել, մինչև ես դատարանի շենք հասնեմ, եթե իմ ընտանիքի անդամների հասցեին կարող են սպառնալիքներ և ամենացածրորակ որակումներ տեղ գտնել սոցցանցերում, եթե ես պետք է գիտակցեմ, որ իմ ցանկացած ակտը պետք է ես հարմարացնեմ ինչ-որ մի չափորոշիչների, որոնք ներկայումս մեր իրողության մեջ գոյություն ունեն, հակառակ դեպքում՝ վարույթ կհարուցվի, ո՞րտեղ ա էդ անկախությունը»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վարչապետի խոսքերից չի վիրավորվել․ - «Քանի որ գտել եմ, որ դա ինձ չի վերաբերում և շատ-շատ դատավորների չի վերաբերում։ Դա թիրախ ուներ՝ այդ բառակապակցությունն ուներ թիրախ, և ես ասել եմ, որ մենք էլ գիտենք՝ դա ում էր հասցեագրված, և հանրությունն էլ գիտի՝ ում էր հասցեագրված: Վարչապետը կարծեմ Լոռիում տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ դա կոնկրետ անձանց էր վերաբերում, ես անուններ չեմ ասի»:

ԲԴԽ անդամները, առաջին ատյանի դատարանների դատավորները երեկ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում քննարկում էին դատավորներին հուզող մի շարք թեմաներ: Նախշքարյանի ելույթից զատ այլ բազմաթիվ առաջարկներ և հարցեր հնչեցին։

Դատավորներից մեկը հետաքրքրվեց աշխատավարձերի մասին, բայց ոչ թե իրենց, այլ՝ դատական ծառայողների: ԲԴԽ նախագահն այսպես արձագանքեց․ - «Խնդիրը միանշանակ ընկալելի է, ավելին ասեմ՝ դա չի վերաբերում մենակ նիստերի քարտուղարներին կամ գործավարներին, նույնպես օգնականներին է վերաբերում, որովհետև որակյալ իրավաբանը, որակյալ օգնականը, իմ կարծիքով, շատ ավելի շատ պետք է ստանա, քան թե էսօր էս պահին ստանում է: Մենք բոլորս շփվել ենք այդ պրոբլեմի հետ, կամ այդ պրոբլեմը մեր առջև: Մի փոքր փորձ են ձեռք բերում, մի փոքր գիտելիք են ձեռք բերում, դառնում են մասնագետ, միանգամից գնում են բանկեր, մասնավոր կազմակերպություններ, որտեղ երկու-երեք անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում: Էնպես է ստացվել, որ մենք կադրեր ենք պատրաստում մասնավոր ընկերությունների կամ բանկերի համար»:

Քննարկման ավարտին «Ազատություն»-ը փորձեց ԲԴԽ նախագահից մեկնաբանություն ստանալ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած գործընթացի մասին: Վարդազարյանն ասաց՝ իր կարծիքը չի ուզում հանրայնացնել: