Պաշտպանության նախարարը հերքում է իր սպասվող հրաժարականի մասին լուրերը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հերքեց իր սպասվող հրաժարականի մասին լուրերը:

Ազգային ժողովում լրագրողների հարցին, թե որքանո՞վ են արդարացված այդ լուրերը՝ մամուլը գրում է, որ նա պատրաստվում է հրաժարական տալ, Տոնոյանն արձագանքեց․ - «Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չէ, չէ, չկա էդպիսի բան»:

Նախարարը վստահեցրեց, որ նման որևիցե քննարկում վարչապետի հետ չի ունեցել:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը Դավիթ Տոնոյանը չմեկնաբանեց․ - «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել»:

Հրաժարականի մասին Վանեցյանի հայտարարության տեքստը մեկնաբանելուց նույնպես պաշտպանության նախարարը զերծ մնաց․ - «Եվս չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները դա իր իրավասությունն է, և ես կարծում եմ՝ Վանեցյանը դա կանի ժամանակին»:

«Տեսակետ կա, որ տարաձայնությունների հետևանք է նրա հրաժարականը», - այս դիտարկմանն էլ Տոնոյանն արձագանքեց․ - «Դե, ես կարծում եմ՝ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»:

«Ազգային անվտանգության ծառայության [նախկին] տնօրենը իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք բավականին երկար, տարիուկես շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանությունները իրեն», - ընդգծեց նախարարը:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի սպասվող հրաժարականի մասին տեղեկությունների առնչությամբ պաշտպանության նախարարն ասաց․ - «Ես տեղյակ չեմ, այդպիսի չկա, և ես հերքում եմ որևիցե քննարկում Անվտանգության խորհրդում այդ թեմայի [առնչությամբ]»:

Հարցին՝ ինքը տարաձայնություններ ունի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Տոնոյանը պատասխանեց․ - «Ոչ, չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնիզացված և որպես կառավարության անդամ աշխատանք է ծավալվում»:

Նախարարը չի կարծում, թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները անվտանգության առումով սպառնալիք են ներկայացնում․ - «Համակարգ է գործում», - շեշտեց նա:

Տոնոյանը նաև վստահեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ իր գլխավորած գերատեսչությունում չեն սպասվում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետը ոստիկանապետին աշխատանքից ազատելու առաջարկություն է ներկայացրել նախագահին:

Հիշեցնենք, երկուշաբթի օրը Արթուր Վանեցյանն ազատվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: