«Կոմերսանտ»․ Ռուսաստանը և Բելառուսը 2022-ին դե ֆակտո միասնական պետության ստեղծման ծրագիր են համաձայնեցրել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը մերձմոսկովյան Գորկիում բանակցություններից հետո, 6-ը սեպտեմբերի, 2019թ․

«Կոմերսանտ» պարբերականին հայտնի է դարձել Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագիրը, որը երկու երկրների վարչապետները համաձայնեցրել են սեպտեմբերի 6-ին: Սա 2022 թվականին դե ֆակտո միասնական պետության ստեղծման ծրագիր է, որը, սակայն, վերաբերում է բացառապես տնտեսական ոլորտին:

Ծրագիրը պաշտոնապես չի հրապարակվել, ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական կողմերը մեկնաբանություններ դրա վերաբերյալ չեն տվել:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ նախագիծը նախագահները պետք է վավերացնեն այս տարվա դեկտեմբերին։ Այն «բավականին արմատական է», չնայած մի շարք հարցերի պատասխաններ փաստաթղթում չկան։

Թերթի հրապարակած ծրագրի համաձայն՝ կողմերը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնեն տնտեսությունների ինտեգրման ճանապարհային քարտեզները, ինչպես նաև մինչև 2020 թվականի վերջը պատրաստեն ինտեգրման համար անհրաժեշտ «օրենսդրական քայլեր»:

Միասնական ռեժիմով աշխատանքի սկիզբը, ծրագրի համաձայն, նախատեսված է 2021 թվականի հունվարի 1-ից, սակայն ռեալ ինտեգրման մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, կարելի կլինի խոսել 2020 թվականից ոչ շուտ: Այսպես, ծրագիրը նախատեսում է հարկային համակարգերի համախմբում, միասնական հարկային ծածկագիր, միասնական մաքսային քաղաքականություն։ Թերթը նշում է, թե ծրագիրը նախատեսում է գրեթե ընդհանուր մաքսային ծառայության: Ծրագրով նախատեսված է նաև գազի, նավթի, նավթամթերքների և էլեկտրաէներգիայի շուկաների համատեղ կարգավորող մարմնի ստեղծում, մակրոտնտեսական քաղաքականության «ներդաշնակեցում» և արժութային վերահսկողության միավորում, ինչպես նաև վճարային համակարգերի միավորում, ներդրումների պաշտպանության միասնական ռեժիմ:

Ծրագրում խոսք կա տնտեսական և հնարավոր է նաև քաղաքացիական օրենսդրության միավորման մասին։ Իսկ 2020 թվականի հունիսի 1-ին նախատեսվում է չեղարկել ռոումինգը երկու երկրների միջև։

«Կոմերսանտ»-ը նկատում է, որ ծրագրում խոսք չկա ոչ միասնական արժույթի, ոչ էլ թողարկող բանկերի միության մասին։ Սա, հիշեցնենք, Ռուսաստանի և Բելառուսի միջև միութենական պետության դե ֆակտո ստեղծման շուրջ հիմնական տարաձայնություններից է։

Լուկաշենկոն անցած տարի այս կապակցությամբ իրեն բնորոշ կես լուրջ-կես կատակ ոճով հայտարարել էր, թե համաձայն է, որ այդ բանկը լինի, օրինակ, Սանկտ Պետերբուրգում։ Ծրագրում, սակայն, այդ մասին ոչինչ գրված չէ։ Ինչպես նաև չկան պաշտպանության, պետական անվտանգության, դատարանների, կրթության, առողջապահության ոլորտների ինտեգրման մասին կետեր։ Եվ գուցե ամենակարևորը՝ ծրագրում չկա, թե որոնք են լինելու Միության գործադիր իշխանության լիազորությունները, և ինչ տեսք է ունենալու այդ իշխանությունը։ Սա կարևոր է այն առումով, որ միութենական պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը ռուսաստանցի մի շարք փորձագետներ համարում են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականից հետո իշխանության մնալու ամենահավանական սցենարը։

Հիշեցնենք՝ 66-ամյա Պուտինը անցած տարի վեց տարով նախագահ է ընտրվել չորրորդ անգամ, և Ռուսաստանի գործող Սահմանադրությունը արգելում է նրան նախագահ վերընտրվել 2024 թվականին։

Անցած տարվա փետրվարից՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գրեթե մոռացված գաղափարը նորից հայտնվեց երկու պետությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում։ Ամեն անգամ, երբ Բելառուսը նոր վարկ կամ որևէ այլ աջակցություն է ուզում Ռուսաստանից, Մոսկվան սկսում է խոսել միութենական պետության մասին։ «Կոմերսանտ»-ը շեշտում է՝ ծրագրում խոսքը միայն տնտեսական ինտեգրման մասին է, սակայն այդ ինտեգրումը նույնիսկ ավելին է, քան, օրինակ, ինտեգրումը Եվրոպական միությունում: