Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսակցությունները «հիմար են և մտացածին», այսօր Մինսկում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու ինտեգրացիոն ծրագրերին նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Մենք՝ Ռուսաստանի նախագահի հետ, միանշանակ արձանագրել ենք, որ երկու պետությունների միավորման հարց այսօր օրակարգում չկա», - պնդել է Լուկաշենկոն՝ միաժամանակ ակնարկելով, որ Վլադիմիր Պուտինի հետ դռնփակ բանակցություններում այս թեման քննարկվել է:
«Մենք ժամանակին պետք է սահմանադրական ակտ ընդունեինք, այսինքն՝ Միութենական պետության սահմանադրություն, որտեղ ամեն ինչ պետք է գրված լիներ՝ վարչական օրգանների, իշխանության օղակների, միասնական արժույթի և այլնի մասին: Ռուսաստանը այն ժամանակ հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, ինչի մասին ես հիշեցրեցի նախագահ Պուտինին: Այլ հարց է, թե հիմա ինչ ենք անելու սեղանին դրված միութենական համաձայնագրի հետ: Պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ և քննարկենք՝ ինչ խնդիրներ կարող ենք լուծել այդ համաձայնագրի հիման վրա», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով․ - «Մենք պատրաստ ենք գնալ դրան առանց որևէ ճնշման»:
Ակնարկելով ճնշումների մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հրապարակավ նախապայման է դրել Կրեմլի առաջ ու պնդել է, թե Ռուսաստան-Բելառուս դաշինքը կարող է զարգանալ միայն իրավահավասարության հիմքով: «Ոչ թե այն պատճառով, որ Լուկաշենկոն է այդպես ուզում, ինչպես Ռուսաստանում են ներկայացնում, այլ որովհետև դա է ցանկացած դաշինքի կառուցման հիմնարար սկզբունքը: Չկա իրավահավասարություն՝ չկա միություն», - ըստ պետական «Բելտա» գործակալության՝ ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն չի մանրամասնել՝ ինչից է դժգոհ, խախտվել է արդյոք իրավահավասարության սկզբունքը, կամ ինչու է ինքն այս մասին որոշել խոսել: Փոխարենը՝ նա հարկ է համարել ընդգծել, որ ինտեգրացիայի ընդարձակման հարցը չի կարող լուծվել միայն պաշտոնյաների մակարդակով:
«Ամեն ինչ պետք է որոշվի երկու երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների կամքով: Մենք մշտապես պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների կարծիքը: Այդ և շատուշատ այլ պատճառներով, ինչպես ինքներդ եք հասկանում, երկու պետությունների միավորման հարցը չի քննարկվում», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ռուսաստանի և Բելառուսի միավորման շուրջ խոսակցություններն ակտիվացան անցած տարեվերջին, երբ Կրեմլը բարձրացրեց Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը էական վնասներ է կրում: Անդրադառնալով դրանք չեղարկելու, առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու Բելառուսի խնդրանքին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել էր համատեղ դրամի թողարկման կենտրոն ստեղծել, միավորել մաքսային ծառայությունը, դատարանն ու Վերահսկիչ պալատը, ինչը Մինսկում ընդունել էին որպես տնտեսական ճնշում և անկախության սպառնալիք:
Մեդվեդևի հայտարարությունների հաջորդ օրն իսկ Բելառուսի նախագահն ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր՝ իր համար «երկրի ինքնիշխանությունը սրբություն է, որի կորստյան հետ չի համակերպվի ոչ մի դեպքում»:
Նոր տարվա շեմին երկու երկրների նախագահները մի քանի հանդիպում էին ունեցել վիճահարույց հարցերի շուրջ: Անդրադառնալով դրանց՝ Լուկաշենկոն այսօր ընդունել է, որ ոչ բոլոր լուծումներն են լիովին ընդունելի Բելառուսի համար:
«Ռուսական կողմի գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության և մեր միութենական միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին», - ըստ «Բելտա» գործակալության ասել է Լուկաշենկոն՝ հրապարակավ կշտամբելով Կրեմլին:
«Ռուսաստանում ոմանք ասում են՝ մենք պարտավոր չենք փոխհատուցել այն վնասները, որ Մինսկի բյուջեն կունենա Ռուսաստանի հարկային մանևրի պատճառով: Իբրև թե այդ մասին որևէ բան գրված չէ միութենական համաձայնագրում: Ինչին ի պատասխան ես ուղիղ հարց եմ տալիս՝ ինչ է, մենք այդ փաստաթղթերը ստորագրելով համաձայնել ենք, որ մեր տնտեսական վիճակը պետք է գնալով վատթարանա՞ Ռուսաստանի ինչ-ինչ ներքին որոշումների պատճառով: Ո՛չ, մենք բարելավում էինք ակնկալում», - ասել է Բելառուսի նախագահը:
Ավելին, Լուկաշենկոն պատմել է, թե ռուսական կողմը որոշ ժամանակ կողմ է եղել վնասի փոխհատուցմանը, անգամ որոշ մեխանիզմներ է մշակել, հետո, սակայն, կտրուկ դադարեցրել է բանակցությունները՝ չհրաժարվելով ինտեգրացիան խորացնելու մասին խոսակցություններից: «Իմ հարցին՝ ի՞նչ ինտեգրացիոն գործընթացների մասին է խոսքը, ռուսական կողմը դեռ պատասխան չունի», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով․ - «Երբ ես խնդրեցի նշել՝ ինտեգրացիայի մասով ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսից, ուղիղ պատասխան չստացա»:
Ընդ որում, Լուկաշենկոն ոչ միայն կշտամբել, այլև սպառնացել է Կրեմլին: «Եթե Ռուսաստանի ղեկավարությունը առաջ գնալու այդ ճանապարհն ընտրի և կորցնի արևմտյան ուղղությամբ իր միակ դաշնակցին՝ դա կլինի նրանց ընտրությունը: Մենք չենք կարող նրանց հարկադրել», - ասել է Բելառուսի նախագահը: