«Իմ քայլ»-ի պատգամավոր․ Ահա՛, ցույց է տրվում գումարների տեղը՝ 250 միլիոն դոլար հնարավոր չարաշահման

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության անվան տակ առերևույթ գործած կոռուպցիոն սխեմայի մասին է խոսել «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հայաստանի վարչապետի նախկին օգնական, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Ստորև՝ հատված զրույցից․

Արեն Մկրտչյան․ - Հայտնի է այն ինֆորմացիոն ծավալը, որը զետեղված է եղել հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես՝ այն, որ Լևոն Սարգսյանը ազդեցություն է ունեցել ենթակապալառու ընկերությունների վրա 250 միլիոն դոլարի ճանապարհաշինարարական աշխատանքների մասով:

7 միլիարդ դոլար պետական պարտք ունենք մենք, որը գործող կառավարող ուժը ժառանգություն է ստացել, և այդ 7 միլիարդ դոլարից 1 միլիարդ դոլարը հենց «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի համար է վերցված եղել, և նախկինում էլ մենք աղաղակում էինք, որ այդ գումարը, այդ 1 միլիարդը ուղղակի հոշոտվում է, և հեղափոխությունից հետո էլ մեզ հարցեր էին ուղղվում տարբեր շրջանակներից, որ «ցույց տվեք գումարների տեղը»: Ահա՛, ցույց է տրվում գումարների տեղը՝ 250 միլիոն դոլար հնարավոր չարաշահման, և սա ասում եմ, բնականաբար, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը: Գիտեք, հետախուզում է հայտարարված, այսինքն՝ Լևոն Սարգսյանին չեն գտնում, պետք է գտնել և քրեաիրավական պրոցեսը շարունակել:

Հեղափոխությունը գալիս է նաև պատռելու կեղծ շղարշները տարբեր մտավորականների, կեղծ շղարշները տարբեր շախմատիստների, կեղծ շղարշները տարբեր արցախյան հերոսների՝ հերոսամարտի, և ժամանակը և քրեաիրավական պրոցեսը ցույց կտա, թե արդյո՞ք նրանք մտավորականներ էին, թե՞ քրեական հանցագործներ, թե արդյո՞ք նրանք հերոսներ էին, թե՞ սահմանադրական կարգը տապալողներ, թե արդյո՞ք դրանք հերոսներ էին, թե՞ սեփական արջերին զինվորի բաժին պահածոներով կերակրողներ:

Ես կարծում եմ, որ, այո, նրա հատուկ հանձնարարականները հենց 250 միլիոն դոլարը հոշոտելուն են ուղղված եղել, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Սա ասում եմ՝ նորից կրկնելով անմեղության կանխավարկածը:

Ես վիճակագրությունը երբ նշում էի՝ 1665 քրեական գործերի մասին, 115 միլիարդ դրամի՝ պետությանը հասցված վնասի մասին, 54 միլիարդ դրամ վերականգնված գումարի մասին, նկատի ունեի նաև այդ հարցերի պատասխանը:

Լևոն Սարգսյաններ, Սաշիկ Սարգսյաններ և մնացածներ արդյոք ներկա իշխանության կազմում կա՞ն, թե՞ չէ․ եթե դուք նկատի ունեք այդ անունները բացառապես կոռուպցիոն և քրեաիրավական հարթության մեջ, ցույց կտա ժամանակը, և եթե կլինեն այդպիսիք, բնականաբար, պետք է ենթարկվեն նույնպիսի պատասխանատվության և շատ ավելի խիստ: Վարչապետն էլ հայտարարել է և ընդհանրապես մեր քաղաքական թիմի համոզմունքն է՝ մեզ համար չկան մարդիկ, ովքեր օրենքից վեր են, և եթե կլինեն այդպիսիներ գործող իշխանության կազմում, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ես միևնույն ժամանակ առիթից օգտվելով նաև կոչ եմ անում բոլորին, բոլոր քաղաքացիներին՝ իրավապահների հետ համագործակցել, և եթե ունեն տեղեկություններ այս կամ այն պետական պաշտոնյայի հնարավոր կոռուպցիոն հանցագործությունների մասով, անպայման տրամադրեն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․