Փոխվարչապետը կարևորում է ՀԱՊԿ երկրների համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Լուսանկարը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր Երևանում մեկնարկած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

Կարևոր նշանակություն է տրվում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին, արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը, ասել է Ավինյանը:

Նա կարծիք է հայտնել, որ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում հիմնարար թեմաներից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է: Ակնհայտ է, որ անդամ պետությունների բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միջև համագործակցության մակարդակը անբավարար է, մինչդեռ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի աշխուժացումը կարող է դառնալ փոխգործակցության խորացման լրացուցիչ և կարևոր գործիք, ընդգծել է Ավինյանը:

Բացը լրացնելու համար հայկական կողմն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են, մասնավորապես, ավտոմոբիլաշինությունը, հաջորդ սերնդի ցանցերը, ավիատիեզերական համակարգերը, միկրոէլեկտրոնիկան և ռադիոէլեկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը և արհեստական բանականությունը, ասված է փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:

Տիգրան Ավինյանը համոզվածություն է հայտնել, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար:

Նիստի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի փոխվարչապետի հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ, քննարկվել են երկու երկրների միջև ռազմատնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: