«Մանդատը ինձ «Լուսավոր Հայաստանը» չի տվել, ինձ տվել են Հայաստանի քաղաքացիները»
«Ազատություն»․ - Դուք քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցիք, որ թեև դուրս եք գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատը վայր չեք դնում: Այնինչ Մարուքյանի խմբակցությունը Ձեզնից ակնկալում է սկզբունքային քայլ, այն է՝ «Լուսավոր Հայաստանին» վերադարձնել մանդատը:
Արման Բաբաջանյան․ - Շատ հարգանքով եմ վերաբերվում խմբակցության շրջանակներում իմ նախկին գործընկերների ակնկալիքներին, բայց ես կարծում եմ, որ իմ սկզբունքայնությունը այս դեպքում մանդատը պահելու մեջ է և ոչ թե հանձնելու:
«Ազատություն»․ - Դուք անգամ ռեյտինգայինով չէիք առաջադրվել, որ ասենք չափենք, թե քանի քվե եք ստացել:
Բաբաջանյան․ - Առաջադրվել եմ: Ստացել եմ 400 ձայն:
«Ազատություն»․ - Դա բավարա՞ր է:
Բաբաջանյան․ - Դա բավարար չէր: Բայց ես կարծում եմ, որ Ազգային ժողովում իմ գործունեությամբ կկարողանամ այն 400-ը ոչ միայն չորս հազար, քառասուն հազար, այլև 400 հազարի հասցնել:
«Ազատություն»․ - Երբ կհասցնեք, հաջորդ խորհրդարան կգաք: Հիմա «Լուսավոր Հայաստանին» են տվել մարդիկ իրենց ձայնը: Այդ կուսակցության դեմքերն են Թանդիլյանը, Գորգիսյանը, Մարուքյանը: Դուք նո՞ւյնպես:
Բաբաջանյան․ - Բաբաջանյանը: Եվ այդ մանդատը ինձ «Լուսավոր Հայաստանը» չի տվել, ինձ տվել են Հայաստանի քաղաքացիները, և մենք չգիտենք ռեյտինգայինից դուրս այլ ընտրատարածքներում, մեր երկրի այլ հատվածներում որքան են «Լուսավոր Հայաստանին» ձայներ տվել, որովհետև ե՛ս եմ եղել երրորդ համարը:
«Ազատություն»․ - Այնուամենայնիվ չի ստացվում, որ Դուք կուսակցության ցուցակով մտնում եք խորհրդարան, մի տարի հետո ասում եք՝ կներեք, ձեզ հետ չեմ:
Բաբաջանյան․ - Կես տարի հետո: Որովհետև կարծում եմ, որ այն նպատակները, այն հռչակումները, որ մենք ունեցել ենք գոնե նախընտրական շրջանում, և դիրքավորումը, որ ունի «Լուսավոր Հայաստանը» այդ մարտահրավերների դեմ-հանդիման, համարժեք չէ: Քանիցս, և դա եղել է նաև հանրության առջև, եղել են շատ անհաղթահարելի հարցեր, որտեղ ես բոլորովին այլ կերպ եմ դրսևորել իմ դիրքորոշումը: Նախորդ բռնապետական վարչակարգի նույն հռետորաբանությամբ քննադատել ժողովրդավարական իշախնությանը, դա ուղղակի անընդունելի է: Ընդդիմությունը պիտի բերի նոր գաղափարներ, նոր քաղաքական որակներ, որպեսզի կարողանա իսկապես գործող իշխանությունից ավելի լավը լինելու հայտ ներկայացնել: Լինելու վաղվա հույսը:
«Ազատություն»․ - Գուցե հակառակը, պարոն Բաբաջանյանը, «Իմ քայլին» միանաք, և ի գո՜րծ:
Բաբաջանյան․ - Ես խորապես անհամաձայն եմ արտաքին քաղաքական հարցերին, բազմաթիվ այլ, տնտեսական ուղղություններով, Ամուլսարի հարցում, Սահմանադրական դատարանի ճգնաժամից դուրս գալու ուղիների խնդրում: Ես տեսնում եմ մեծ հապաղում սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ: Ես տեսա մեծ հետընթաց անցումային արդարադատությանն անցման հետ կապված:
«Ազատություն»․ - Ունեցել ենք այդպիսի դեպքեր պատգամավորների, որոնք կարողացել են խորհրդարանում և խորհրդարանից դուրս նաև ակտիվ քաղաքական հայտ ներկայացնել գործունեության: Եվ ես չեմ բացառում, որ այն շփումները, որ արդեն սկսել եմ շատ բանիմաց, տեխնոկրատ, որակյալ, մեր երկրում 2018 թվականի վերափոխումների ակունքներում կանգնած անհատների հետ, կարող է իսկապես ստացվի, որ մենք քաղաքականության մեջ մտնելու և քաղաքականության մեջ կարևոր դերակատար լինելու հայտ ներկայացնենք: Այս պահին չկա այնպիսի առարկայական, շոշափելի զարգացում, որի մասին կկարողանայի Ձեզ հայտնել: Բայց դա ես չեմ բացառում մոտ ապագայում:
«Ազատություն»․ - Իսկ անուններ կարո՞ղ եք տալ:
Բաբաջանյան․ - Չեմ կարող, որովհետև նաև այդ թույլտվությունը չունեմ: Որովհետև դրանք շատ սաղմնային վիճակում են:
«Ազատություն»․ - Մի անուն ես տամ՝ Միքայել Մինասյանը: Կա՞ հնարավոր համագործակցության տեսլական:
Բաբաջանյան․ - Մերժելի են բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով ազգակցական կամ որևէ առնչություն, քաղաքական կապ են ունեցել նախկին իշխանությունների հետ: Չկա այդպիսի օրակարգ, չի եղել այդպիսի օրակարգ: Դրանք ստահոդ առնչություններ են, որոնք փորձել են կապել ինձ հետ: Ես այդպիսի հնարավորություն ուղղակի բացառում եմ:
«Ազատություն»․ - Հնարավո՞ր է նոր կուսակցություն ստեղծեք առաջիկայում:
Բաբաջանյան․ - Ես մասնակցում եմ քննարկումների: Ես այդպիսի առաջնորդության հայտ չեմ ներկայացրել և չեմ տեսնում ինձ որպես այդ միավոր առաջնորդ և նախագահ: Բայց ես ինձ տեսնում եմ անպայմանորեն քաղաքական գործընթացների մասնակից այս ընթացքի՝ որպես աջակից և պաշտպան:
«Արագորեն Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին լյուստրացիայի ենթարկել»
«Ազատություն»․ - Դուք Սահմանադրական դատարանի որոշումից անակնկալի եկա՞ք:
Բաբաջանյան․ - Ես չեկա, և ես կարծում եմ, որ դա ևս մեր իշխանությունների կիսատ-պռատ, հեղափոխությունը իր վերջնական լրումին չհասցնելու արդյունք է, և ես առաջարկում եմ, որպեսզի առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը արագորեն ձեռնամուխ լինի այդ կնճիռը, այդ ճգնաժամը լուծելու գործին: Արագորեն Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին լյուստրացիայի ենթարկել, նրանք, ովքեր նախկին իշխանությունների հետ դեռևս շարունակում են պահպանել ինչ-ինչ առնչություններ և կապեր, ունեցել են և շարունակում են ունենալ կոռուպցիոն կապեր, իսկ նրանք բոլորը, պետք է ասել, բացառությամբ երկուսի թերևս, այդպիսի առնչություններ ունեն, նրանց ուղղակի պետք է դուրս դնել Սահմանադրական դատարանից:
«Ազատություն»․ - Երկրորդին՝ երևի Դիլանյանին նկատի ունեք, Վահե Գրիգորյանից բացի:
Բաբաջանյան․ - Այո, Արման Դիլանյանին:
«Ազատություն»․ - Բայց խորհրդարանն ի՞նչ աներ՝ կոռուպցիան պետք է բացահայտի Ազգային անվտանգության ծառայությունը, եթե․․․
Բաբաջանյան․ - Ես կոռուպցիայի մասին չեմ խոսում, ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի․․․
«Ազատություն»․ - Ասում եք՝ լյուստրացիա, այդ թվում և կոռուպցիան կապեր, և այլն․․․
Բաբաջանյան․ - Այո, լյուստրացիան հենց դրա մասին է՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է համապատասխան թղթապանակները նախ դնի Սահմանադրական դատարանի անդամների առաջ, և նրանք, վստահ եմ, որ արդեն մինչև հրապարակումը իրենց դիմումները կգրեն և կհեռանան այդ շենքից:
«Ազատություն»․ - Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ այդ ձևը, ճանապարհը, կամ հապաղո՞ւմ է, ի՞նչ է անում, կամ դա քաղաքական ճնշում չէ՞:
Բաբաջանյան․ - Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եթե նույնիսկ գիտի, նրան պետք է քաղաքական դերակատարները օգնեն, որ իրենք դեմ չեն լինի, որպեսզի այդ ճգնաժամը լուծվի, ոչ թե երկրորդեն հանրապետականների և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների այն նույն տեքստերը, որոնք ուղղակի ճգնաժամը ավելի ու ավելի խորացնում են:
«Ազատության մեջ կամ անազատության՝ ես նրան քաղաքական դիակ եմ համարում»
«Ազատություն»․ - Պարոն Բաբաջանյան, Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ քաղաքական գործո՞ն է:
Բաբաջանյան․ - Ազատության մեջ կամ անազատության՝ ես նրան քաղաքական դիակ եմ համարում, նա չի կարող լինել քաղաքական գործոն: Որովհետև մարդը, ով 98 թվականից միայն ապօրինի ճանապարհով գրանցվելով որպես նախագահի թեկնածու, միայն հետապնդումների, սպանությունների և կեղեքումների միջոցով, միայն քրեաօլիգարխիայի հիմնարկեքի ուղիղ ճարտարապետը լինելով՝ իշխել է, ոչ թե նախագահել, մարդը, ում տարիներին տասնյակ մարդիկ սպանվել են, հազարները և հարյուր հազարավորները հեռացել են այդ տարիներին Հայաստանից, որպեսզի բռնաճնշումների չենթարկվեն, ինչպե՞ս կարող է նոր քաղաքական այս իրողությունների պայմաններում քաղաքականությունների մեջ դերակատար լինել:
«Ազատություն»․ - Ռեսուրսներով:
Բաբաջանյան․ - Գիտե՞ք, այդ ռեսուրսները մենք տեսել ենք: 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը տիրապետում էր մեդիա ամբողջ տիրույթին, և ես լինելով թերթի խմբագիր՝ հիշում եմ, թե մենք ինչպես էինք որպես թերթ, թերթային իրականությամբ հաղթում վիրտուալ իրականությանը, թվային իրականությանը: Ես կարծում եմ, որ անցել են այդ ժամանակները, և, այո, հսկա միջոցներ են դրվում, բայց մեր ժողովուրդը միամիտ չէ, մենք էլ, որպես քաղաքական դերակատարներ, պիտի որևէ ձևով, որևէ պարագայում թույլ չտանք ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ նրանց սպասարկող այդ ամբողջ դատական, իրավական նախկին ու ներկա գործիչներին թույլ տանք, որպեսզի սկսված հաղթական ընթացքը որևէ ձևով շրջվի, կասեցվի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․