Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատականները հարուցել են հետաքննություն, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է բանեցրել Ուկրաինայի վրա՝ ցանկանալով վարկաբեկող նյութեր կորզել գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունեցող դեմոկրատական թեկնածուների, մասնավորապես՝ Ջո Բայդենի մասին:
Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների, հետախուզության և վերահսկողության ու բարեփոխումների կոմիտեները նամակ են ուղարկել նախագահի խորհրդական Փաթ Չիպոլոնեին, պահանջելով, որ Սպիտակ տունը տրամադրի մի շարք փաստաթղթեր, այդ թվում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը:
Այդ երեք հանձնաժողովները դեմոկրատականների հսկողության տակ են: Ուկրաինայի վրա ենթադրյալ ճնշումների թվում է 250 միլիոն դոլարի ռազմական օգնության սառեցումը:
«Եթե նախագահը փորձում է ճնշում բանեցնել Ուկրաինայի վրա, ստիպելով կամ առանց ամերիկյան օգնության դիմադրել ռուսական ագրեսիային, կամ տրամադրել նյութեր, որոնք ձեռնտու են Թրամփի ընտրարշավին, ապա դա պաշտոնեական դիրքի չարաշահման աղաղակող օրինակ է, նվեր Մոսկվային և հանրային վստահության դավաճանություն»,- ասվում է երեք կոմիտեների կազմած նամակում:
Թրամփի անձնական փաստաբան, քաղաքական երդվյալ զինակից և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պնդում է, որ այդ հարցուցված հետաքննությունը սոսկ հալածանք է, որի հիմքում քաղաքական դրդապատճառներ են:
«Սա ապօրինի է, սա հալածանք է, որի հեղինակը ոչ թե Կոնգրեսն է, այլ դեմոկրատների ազգային կոմիտեն», - Վաշինգտոնում հրատարակվող The Hill պարբերականին երեկ տված հարցազրույցում ասել է Ջուլիանին:
Այս տարի ավելի վաղ Միացյալ Նահանգները հաստատել է 250 միլիոն դոլարի ռազմական օգնությունն Ուկրաինային:
2016 թվականի օգոստոսին Ուկրաինայում հրապարակվել են նյութեր, որոնք ապացուցում են, որ Թրամփի այն ժամանակաշրջանի ընտրարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը 12 միլիոն 700 հազար դոլար չհայտարարագրած հոնորար է ստացել ռուսամետ դիրքերից հանդես եկող Ռեգիոնների կուսակցությանը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար:
Այդ սկանդալից հետո Մանաֆորթն ընտրություններից երեք ամիս առաջ ազատել է նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնն ու ի վերջո բանտարկվել է փողի լվացման հոդվածով:
Դեռ այն ժամանակ լուրեր են տարածվել ռուսների հետ Թրամփի թիմակիցների կասկածելի կապերի մասին:
Financial Times-ը 2016-ին վկայակոչել է ուկրաինացի օրենսդիր և հետաքննող լրագրող Սերգեյ Լեշչենկոյին, ով ասել է, թե «Դոնալդ Թրամփը ռուսամետ թեկնածու է և ի զորու է փոխել ամերիկյան արտաքին քաղաքականության ուկրաինամետ օրակարգը»:
Հիմա էլ Թրամփն է փորձում մրցակիցների դիրքերը թուլացնել և թիրախավորված հարվածում է նախկին դեմոկրատական փոխնախագահ Ջո Բայդենին:
Նրա որդին՝ Հանթեր Բայդենը, 2014 թվականին դարձել է Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում աշխատող Burisma Holdings ընկերության կառավարիչների խորհրդի անդամ:
Ընկերության ղեկավարը Միկոլա Զլոչևսկին է, ով Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք զբաղեցրել է շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Ըստ ուկրաինացի քննիչների, ընկերությունը շահավետ պայմանագրեր է կնքել այն ժամանակ, երբ Զլոչևսկին նախարար է աշխատել, ինչը շահերի բախման օրինակ է:
Փոխնախագահ Բայդենը Կիևից պահանջել է պաշտոնանկ անել կոռուպցիայի մեջ մեղադրվող գլխավոր դատախազին:
Ջուլիանին մեկնել է Ուկրաինա, նպատակ ունենալով պարզել, թե արդյոք Բայդենն է սառեցրել Burisma Holdings ընկերության գործունեության հետաքննությունը:
Բայդեն ավագը կտրականապես հերքում է այդ լուրը, Բայդեն կրտսերն այս տարեսկզբին դուրս է եկել Burisma Holdings-ի կառավարիչների կազմից:
Ուկրաինայի նախագահի մամլո գրասենյակը նկատել է տվել, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թրամփը արծարծել Բայդենի թեման:
Համենայն դեպս, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ «Ուկրաինան կավարտի Վաշինգտոնի և Կիևի համագործակցությունը խոչընդոտող կոռուպցիոն դեպքերի քննությունը»:
Զելենսկին սեպտեմբերի 23-ին մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրանին:
Չի բացառվում, որ Թրամփը և Զելենսկին հանդիպեն Նյու Յորքում: Նրանց հանդիպումը նախատեսված էր հուլիսին կամ օգոստոսին, սակայն տարատեսակ հանգամանքների բերումով հետաձգվել է:
«Վաշինգտոն Փոստը» վկայակոչել է ուկրաինացի մի անանուն պաշտոնյայի, ով ասել է, թե «Զելենսկու թիմը չի ցանկանում ներքաշվել ամերիկյան ներքաղաքական վեճին»: