«Որոշումը հետևյալն է, որ՝ հանքի շինարարական աշխատանքներին, այսինքն՝ նախապատրաստական փուլը, պետք է չխոչընդոտվի». Թունյան

Շինարարական աշխատանքները կվերսկսվեն, քանի դեռ որևէ իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու համար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շեշտելով՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ Բնապահպանական տեսչությունը ուսումնասիրություններ կանցկացնի հանքի տարածքում:

Հիշեցնենք, այսօր ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ջերմուկցիներին բացել հանք տանող ճանապարհը:

«Ազատության» հարցին՝ արգելապատնեշները բացելուց հետո շինարարական աշխատանքները անմիջապես վերսկսվելո՞ւ են, Մակունցը պատասխանեց. ֊ «Անմիջապես, թե ոչ անմիջապես՝ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, բայց առաջին հերթին այնտեղ լինելու են տեսչական մարմինները՝ թե՛ դաշտային ուսումնասիրությունների առումով, և թե՛ մնացյալ այլ գործողությունների առումով պետք է սկսեն աշխատանքները»։

Պատասխանելով մեր ճշտող հարցին՝ այսինքն չե՞նք սպասելու, որ տեսնենք տեսչական մարմինը ինչ եզրակացություն է տալիս, նոր թույլատրենք «Լիդիանին» շարունակել աշխատանքները, իշխող խմբակցության ղեկավարը պատասխանեց. ֊ «Իմ ունեցած տեղեկությամբ՝ այդ երկու աշխատանքներն ընթանալու են զուգընթաց»։

«Իմ քայլը» խմբակացության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նույնպես նշում է՝ հանք տանող ճանապարհը պետք է բացվի, որպեսզի «Լիդիանը» կարողանա իր շինարարական աշխատանքները կատարել։

«Այս պահին որոշումը հետևյալն է, որ՝ հանքի շինարարական աշխատանքներին, այսինքն՝ նախապատրաստական փուլը, պետք է չխոչընդոտվի», ֊ նշեց Թունյանը, ֊ «Պարզ ասած՝ ռիսկը մնում է այդ ընկերության վրա՝ ինքը շինարարության վրա ծախս է, չէ՞ կատարելու։ Հիմա կարող է էդ ընկերությունը ծախս անի, մեկ տարի հետո պարզվում է, որ այդտեղ խախտումներ կան և էդ խախտումները մնալու են էդ ընկերության վրա, ոչ մեկը չի փոխհատուցի։ Ու սա շատ նորմալ լուծման տարբերակ է»։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցն ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարակել են այն հարցերը, որոնց մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ խոսեց Փաշինյանը: Մակունցը տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի նախարրաը քննարկումների ընթացքում պնդել է՝ այս պահին իրավական հիմքեր չկան, որոնք թույլ չեն տա հանքի շահագործումը: Հարցին, թե արդյոք ուժ կկիրառվի ջերմուկիցների նկատմամբ, եթե ի վերջո նրանք հրաժարվեն կատարել վարչապետի խնդրանքը և չբացեն հանք տանող ճանապարհը, Մակունցն ասաց՝ համապատասխան մարմինները պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանակներում:

«Ես վստահ եմ, որ իշխանությունը առաջնորդվելու է բացառապես օրենքով և օրենքի սահմաններում պատկան մարմինները, իհարկե, պիտի առաջնորդվեն իրենց լիազորություններով՝ օրենքը ինչպես նախատեսում է», ֊ մեկնաբանեց Մակունցը։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նույնպես հույս ունի՝ հարցը ոստիկանության միջամտությանը չի հասցնի. ֊ «Կարծում եմ, որ բանը ոստիկանությանը չի հասնի, որովհետև մեր հասարակությունը շատ գիտակցված որոշում կարող է այդ հարցում կայացնել։ Ու ընդամենը բավական է, որ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերպից մի քիչ շեղվեն ու հարցին փորձեն նաև երկկողմանի նայել»։

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու՝ իրավական և տնտեսական հետևանքներին, ապա տնտեսական հանձնաժողովի նախագահը զգուշացնում է՝ առանց իրավական հիմքերի այդ քայլին գնալով՝ երկիրը կարող է կանգնել ոչ միայն արբիտրաժային դատարանի, այլև ընդհուպ դեֆոլտի առջև։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ չի հայտարարում՝ դեմ է հանքի շահագործմանը, թե ոչ, միայն շեշտում է՝ ժողովրդի կողքին են:

«Բոլորդ էլ գիտեք մեր դիրքորոշման մասին, որ ասել ենք՝ պետք է ժողովրդին լսել։ Ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, ժողովրդի համաձայնությունը չի լինի՝ թող չբացեն», ֊ հայտարարեց Ծառուկյանը։

«Ազատության» հարցին՝ եթե այնուամենայնիվ Ամուլսարի հանքի շահագործման որոշում կայացվի, իրենց քայլերը որո՞նք են լինելու, գնալո՞ւ է հանքի ճանապարհը փակելու, Ծառուկյանը պատասխանեց. ֊ «Ես ասում եմ՝ ես փակողը չեմ, ես իմ ժողովրդի կողքին եմ, նորից եմ ասում՝ մեր պահանջը, ոչ թե մենք էսօր ուզում ենք, ոնց ասեմ, դերակատարում ունենք, պոպուլիզմ ․․․ մենք, մեր ժողովուրդը, որը մեզ ձայն ա տվել, հավատում ա, և մենք այստեղ, մեր ասածը, ասում եմ՝ ժողովրդին պետք ա ներկայացվի: Ժողովուրդը այսօր ապրում ա այնտեղ, երեխա ա մեծացնում, թող բարի լինեն՝ ներկայացնեն․ եթե դա վնաս չի, դա օգուտ է, ավելի կհզորացնի, կզարգացնի, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդը էդքան բան պատկերացնում է, չէ՞»:

Ի դեպ, նախկինում հանքի շահագործմանը կտրուկ դեմ արտահայտվող ԲՀԿ պատգամավորները հրաժարվեցին որևէ կերպ արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։