Վաղը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կանցկացվեն տեղական ընտրություններ:
Ռուսաստանի իշխանություններն այսօր «Ֆեյսբուք» և «Գուգլ» ընկերություններին հիշեցրել են, որ սեպտեմբերի 7-ը լռության օր է, և պահանջել են սոցցանցերում չտեղադրել քաղաքական գովազդ:
Հաղորդակցության ոլորտում կարգավորող վարչությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը, երեկ հատուկ նամակներով դիմել է «Ֆեյսբուք»-ին և «Գուգլ»-ին: Ռուսաստանում լռության օրը քաղաքական քարոզն արգելվում է:
Մոսկվայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է տարբեր հնարքների և մերժել է ընդդիմադիր թեկնածուներից շատերի գրանցումը քաղաքային դումայի ընտրություններում:
Ընդդիմությունը դրան ամռան ամիսների ընթացքում արձագանքել է բողոքի բազմահազարանոց ցույցերով և երթերով, որոնք իրավապահները շատ դեպքերում ուժով ցրել են:
Իրավապահները բերման են ենթարկել մեծ թվով ընդդիմադիր ակտիվիստների, նրանցից շատերը դատարանների վճիռներով ազատազրկվել են: