Կիևի դատարանը ազատ է արձակել մալայզիական «Բոինգ»-ի կործանման գործով ձերբակալված Ցեմախին

Ուկրաինա - Վլադիմիր Ցեմախը Կիևի վերաքննիչ դատարանում, 5-ը սեպտեմբերի, 2019թ․

Կիևի վերաքննիչ դատարանը այսօր ազատ է արձակել 2014 թվականին Դոնբասում «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման գործով անցնող առանցքային վկա Վլադիմիր Ցեմախին:

Հունիսին Դոնբասում իրականացված հատուկ գործողության արդյունքում Կիև տեղափոխված Ցեմախը, ըստ նախաքննության մարմինների, կարող է ուղղակի առնչություն ունենալ 298 մարդու կյանք խլած վթարին: 2014-ի հուլիսին Ցեմախը ծառայում էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության բանակում` ղեկավարելով «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի ոչնչացման վայրի հարևանությամբ գտնվող Սնեժնոյե քաղաքի հակաօդային պաշտպանության համակարգը:

Ուկրաինական դատախազությունը Ցեմախին մեղադրում է ահաբեկչական կառույց ստեղծելու համար` պահանջելով նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Ցեմախն ազատ է արձակվել դատական նիստերին ներկայանալու պարտավորության դիմաց: