Սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական առաջին նիստը։
Ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրվում է դաժան ծեծի ենթարկելով գյումրեցի 57-ամյա կնոջը անզգուշությամբ մահ պատճառելու մեջ:
Դատավոր Ադրինե Ղուկասյանը որոշում է կայացրել նիստերն անցկացնել ոչ թե արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ինչպես եղավ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դեպքում, այլ հենց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում։
Ռուս զինծառայողը մինչ օրս պահվում է ռազմաբազայի տարածքում։ Նրա շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Նարինե Ռշտունին։
Մեղադրանքը դատարանում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը կներկայացնի անձամբ:
Դեպքը Գյումրիում տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, գործով նախաքննությունն ավարտվել է օգոստոսին: