Զելենսկին ամփոփում է պաշտոնավարման 100 օրվա արդյունքները

Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ստանձնում է Ուկրաինայի նախագահի պարտականությունները, Կիև, 20-ը մայիսի, 2019թ․

Ուկրաինայում ամփոփում են նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման առաջին հարյուր օրվա արդյունքները: Նորընտիր նախագահի աշխատանքային առաջին ամիսների գլխավոր ամփոփումը հեռարձակվեց շաբաթ երեկոյան միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկուն պատկանող 1+1 հեռուստաալիքի եթերում: Ուշագրավ է, ի դեպ, որ նախագահ Զելենսկու հետ զրուցում էին ոչ թե ալիքի լրագրողները կամ քաղաքական մեկնաբանները, այլ դերասան Ստանիսլավ Բոկլանը, որը «Ժողովրդի ծառա» սերիալում վարչապետի դերակատարն էր:

Առաջին հարցերից մեկը, որ նախկին գործընկերն ուղղեց Զելենսկուն, հետևյալն էր` արդյո՞ք նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նրա հարաբերությունները ծնողների հետ փոխվել են: «Մայրս ինչպես օրը երեք անգամ զանգահարում էր, այնպես էլ շարունակում է զանգահարել», - նշում էր Զելենսկին:

Ինչ վերաբերում է ավելի լուրջ թեմաներին, ապա Զելենսկու համոզմամբ՝ անցած հարյուր օրերին տեղի ունեցած թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկը Ռուսաստանի նախագահի հետ անցկացված հեռախոսային բանակցություններն էին:

«Ես նրան զանգահարեցի, քանի որ տեսա Միջազգային դատարանի որոշումը, որ վերաբերում էր Կերչի նեղուցում գերեվարված ուկրաինացի ծովայինների և նավերի վերադարձին: Երբ ես հասկացա, որ այդ վճռի կատարման բոլոր ժամկետներն սպառվում են, և մենք այլևս սպասել չենք կարող, որոշեցի զանգահարել: Նշեմ, ի դեպ, որ արտաքին գործերի նախարարությունում չէին ցանկանում, որպեսզի ես զրուցեմ Ռուսաստանի նախագահի հետ: Նրանց տեսանկյունից՝ Աստված մի արասցե, եթե նավաստիները տուն վերադառնան Պուտինի և իմ հեռախոսազրույցի արդյունքում: Իրենց համար դա քաղաքական խնդիր է, ինձ համար` մարդկային», - նշում էր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահին նաև հարց են ուղղում` ե՞րբ է մեկնարկելու նախընտրական շրջանում խոստացված անհաշտ պայքարը կոռուպցիայի դեմ: «Ձերբակալությունները կսկսվեն աշնանը», - խոստանում է Զելենսկին:

«Հակակոռուպցիոն դատարանը, որ մինչ այժմ գոյություն չուներ, կսկսի գործել սեպտեմբերի 1-ից: Շուտով մենք նաև նոր գլխավոր դատախազ կունենանք: Կարծում եմ, որ աշնանը, երբ մեզ մոտ և՛ նոր գլխավոր դատախազ կլինի, և՛ հակակոռուպցիան դատարանը կձևավորվի, ամեն ինչ կսկսվի», - նշում էր Ուկրաինայի նախագահը: