Զոհրաբ Մնացականյան․ Հիմա մեր նպատակը արտգործնախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չի շտապում ասել, թե հաջորդ ամիս Հայաստանի վարչապետի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում արդյոք հնարավոր է Թրամփ - Փաշինյան հանդիպում:

Մոտ երկու շաբաթ Մնացականյանն ասել էր, որ հանդիպման հարցը մնում է օրակարգում:

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովում Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը, թե «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»:

Պաշտոնական Երևանը, ըստ հարևան երկրի արտաքին գերատեսչության, գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրման․ - «Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղություն են ուզում, թե իրավիճակի սրում»:

Արտգործնախարար Մնացականյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մեծ նշանակություն չի տալիս պաշտոնական Բաքվից հնչած հայտարարությանը․ - «Ես չեմ էլ ուզում առանձնապես մեծ նշանակություն տալ, որովհետև դա մտնելն է մի դաշտ, որը ինձ համար հետաքրքիր չէ»:

Ղարաբաղյան բանակցային գործընթացը, ըստ նախարարի, այս տարի դինամիկ էր, այժմ էլ սառեցված չէ: Առաջիկայում նախատեսվում է իր հերթական հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Օրն ու վայրը Մնացականյանը չհստակեցրեց, բայց «Ազատության» տեղեկություններով, սպասվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կայանալու է սեպտեմբերին Նյու Յորքում:

Երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում․ - «Երկրի ղեկավարների մակարդակով ես չեմ ասի, որ նմանը հիմա ծրագրում ենք: Հիմա մեր նպատակը արտաքին գործերի նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է»:

Դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր հանդիպում անցկացրեցին Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ: Աշխատանքները դիվանագետները սկսել են երկու օր առաջ, կշարունակվեն ևս հինգ օր:

Արտգործնախարար Մնացականյանի խոսքով, կհանդիպեն գործարար շրջանակների հետ, ինչպես նաև կայցելեն Գյումրի: Աշխատանքները կավարտեն Լեռնային Ղարաբաղում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատություն հնչեցրեց․ նա կարծում է, որ մինչև հեղափոխությունը ձեռքբերումների պակաս չկար՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետ և ԵԱՏՄ անդամ միակ երկիրն էր, որը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց:

Մարուքյանը հարցրեց՝ ի՞նչ ենք ավելացրել եղածին․ - «Մեկ ու կես տարվա մեջ մենք ունենք, որպես պրոդուկտ դրսում վաճառելու, ինչի մասին շատ էր խոսվում, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակվել են հեղափոխությամբ, և դա գալիս է գումարվելու մեր ունեցածին: Բայց այդ գումարումը ես արդյունքով այսօր չեմ կարող ասել: Գուցե ընթացքի մեջ է, հիմա մի մեծ ինչ-որ բան ունենալու ենք: Բայց մեկ ու կես տարի անցել է, ես ուզում եմ հասկանալ, թե մենք, օրինակ, այս մեծ ձեռքբերումը ինչպես ենք կարողացել վաճառել դրսում»:

Արտգործանախարար Մնացականյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց Մարուքյանի հայտարարությանը․ - «Եթե խոսքը գնում է նրա մասին, որ որևէ փոփոխություն չի եղել, ինչ իմաստով չի եղել փոփոխությունը, մենք նպատակ չունեինք որևէ քաղաքականության փոփոխություններ անելու,ռևերսներ, որոնք մեզ կարող էին դնել մի իրավիճակի մեջ, որը հակասեր մեր հռչակած ծրագրին»:

Ի դեպ, դիվանագետների համաժողովը խորհրդարանում անցկացվեց լրագրողների համար թե՛ փակ, թե՛ բաց ձևաչափով: Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի խոսքով, մոտ երկժամանոց փակ հատվածը հարցուպատասխանի ֆորմատով է անցել, ընտրվել էր առանց տեսախցիկների ձևաչափ՝ անկաշկանդ մթնոլորտ ապահովելու համար։