Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ծանր ժառանգությունը սկսել է կուտակվել 1994թ֊ի հրադադարի մասին պայմանագրից անմիջապես հետո: Այսպես է արձագանքում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների համաժողովին արած այն հայտարարությանը, թե իրեն դառնացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ստացած ժառանգությունը և ընդհանրապես Ղարաբաղյան հարցի միջազգային ընկալումը:
«Այն, որ Արցախի հարցում կուտակվում է ծանր ժառանգություն, սա փաստացի բոլորիս աչքի առաջ է տեղի ունենում, և այս ժառանգությունը կուտակվել է գործնականում անմիջապես հրադադարից, պատերազմից հետո, երբ սկսվել է բանակցային գործընթացը և դրանում հայկական կողմը ներգրավվել է՝ փաստացի ճանաչած լինելով Ադրբեջանի որոշակի իրավունքը ազատագրված տարածքների նկատմամբ: Եվ դրա դիմաց հայկական կողմի որևէ իրավունք Բաքուն չի ճանաչել և մինչև հիմա չի ճանաչում, և այս հանգամանքը ստեղծել է լրջագույն խնդիրներ», - ասում է Բադալյանը՝ պարզաբանելով․ ֊ «Այսինքն, մենք բանակցային պրոցես ենք մտել այսպես ասած առևտրի առարկա դարձնելով մեր իսկ ռազմական հաղթանակի մի մասը»:
Փաշինյանի ստացած դառը ժառանգության հարցը նախկին իշխանական կուսակցություն ՀՀԿ֊ից մեկնաբանել չցանկացան:
Փաշինյանի հաջորդ շեշտադրումն այն մասին էր, որ տարիներ շարունակ մոռացվել կամ նենգափոխվել է այն ճշմարտությունը, որ Ղարաբաղը բանակցային կողմ է եղել:
Քաղաքական վերլուծաբանը ընդգծում է՝ Արցախի հարցով վերջնական ռազմավարական նպատակը վարչապետ Փաշինյանը բավականին հստակ ու աննախադեպ ձևակերպումներով արձանագրել է օգոստոսի 5֊ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի իր ելույթում, երբ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստանն է ու վերջ:
«Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա․ այս խնդիրները լուծելու համար մեզ իսկապես անհրաժեշտ է համահայկական կոնսենսուս: Եվ իշխանությունը պետք է այդ կոնսենսուսի ձևավորմանն ուղղված մեխանիզմներ ևս առաջարկի, որովհետև դրանց շնորհիվ է նաև, որ մենք պետք է կարողանանք սպասարկել պետության համար այս հիմնարար խնդիրները՝ Արցախի հարց, անվտանգության համալիր խնդիրներ և այլն», - մեկնաբանում է Հակոբ Բադալյանը: