Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեն և ընդգծել՝ նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ գտնվելու վայրը՝ Արա Մինասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ: Եվս մի քանի դրվագ ավելացել է:
Մանրամասնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը․ - «Արա Մինասյանին այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել: Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մասին է խոսքը, և այդ հոդվածով երկու դրվագով է միաժամանակ մեղադրանք առաջադրվել Արա Մինասյանին: Իր կարգադրիչ լիազորությունների բժշկական կենտրոնի շահերին հակառակ օգտագործելով՝ Հայաստանի Հանրապետության պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 908 միլիոն դրամից ավել գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափի՝ 45 միլիոն 402 հազար 392 դրամ, 27 միլիոն դրամից ավելի ՀՀ դրամ վատնում կատարելու ևս կա երկու դրվագ: Եվ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծիք կատարելու համար»:
Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, թե Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը դեռ ծանոթ չէ: Նշեց, որ կխոսի, երբ ծանթանա և լիազորվի:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Արա Մինասյանը դատի էր տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել է, որ նախորդ տարվա հուլիսին նախար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել:
Դատարանը բավարարել է այս հայցն ու պարտավորեցրել նախարարին հրապարակավ ներողություն խնդրել:
Իսկ ահա Առողջապահության նախարարը չի ընդունում այս պնդումները, չի պատրաստվում ներողություն խնդրել, ավելին՝ վերաքննիչում բողոքարկում է բողոքարկում է վճիռը: