Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի փաստաբանի բողոքը

Վահագն Հարությունյան

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով այժմ մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա փաստաբան Միհրան Պողոսյանի բողոքը։

Պողոսյանը Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը անօրինական է համարում․ - «Օրենքով սահմանված կարգով հետախուզում չի հայտարարվել․ խափանման միջոց կիրառված չի եղել, և քննիչը հետախուզում է հայտարարել: Դա մեկ: Երկրորդ, վարույթն իրականացնող մարմինը ողջամիտ որևէ գործողություն չի իրականացրել, որպեսզի հանգի հետևության, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Դեռ ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը հենց էդ հետախուզում հայտարարելու ժամանակ կոնկրետ և հստակ իմացել է Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը և էդ հանգամանքին որևէ ուշադրություն չի դարձրել»:

2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Հարությունյանը շինծու է որակում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե իրեն հետապնդման են ենթարկում։

Պաշտպան Միհրան Պողոսյանը նշում է, որ Վահագն Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում և այնտեղ բուժում է ստանում: Փաստաբանի պնդմամբ, Հարությունյանը թաքնվելու միտում չունի, Մոսկվայում բուժումն ավարտելուց հետո Հայաստան է վերադառնալու, բայց դեռ հստակ ժամկետ չի կարող նշել։

«Տարիներով կուտակված առողջական խնդիրներ են եղել, էդ հարցերով է զբաղվում։ Ինքը միանշանակ վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն», - ասաց Պողոսյանը՝ պնդելով, որ Հարությունյանը թաքնվելու միտում չունի․ - «Միանշանակ չունի։ Թաքնվելու միտում ունեցող անձը, երբ որ իրեն ծանուցագրով հրավիրում են որպես վկա հարցաքննության, մինչ այդ արդեն պարզ է, թե ինչ գործողություններ են տեղի ունեցել հենց կոնկրետ էս քրեական գործի հետ կապված, Վահագն Հարությունյանը միանշանակ հանձնարարում ա փաստաբանին, ասում ա՝ հայտնիր իմ գտնվելու վայրը, հայտնիր իմ Հայաստանից բացակայելու պատճառը: Չի բավարարվում դրանով․ որևէ այդպիսի պարտականություն չունենալով՝ ինքն ա կապվում վարույթն իրականացնող մարմնի քննիչի հետ, հայտնում ա իր գտնվելու կոնկրետ հասցեն, հեռախոսահամարն ա տրամադրում: Ի՞նչն էր խանգարում վարույթն իրականացնող մարմնին, երբ որ կապնվել էր, Վահագն Հարությունյանին ասեին՝ գիտեք ինչ, հարգելիս, Ձեզ որպես վկա ենք կանչել, հարցաքննել ժամը 16-ն անց 30-ին, բայց էս 15 րոպեում ինչ-որ բան փոխվեց, և Դուք դարձաք մեղադրյալ: Եկեք, Ձեր հետ գործողություն կա իրականացնելու»:

Ի դեպ, 2008-ի մարտյան իրադարձությունների ուսումնասիրության համար ժամանակին ձևավորված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը նշում է, որ 2008-ի մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ, այժմ կալանավորված Գեղամ Պետրոսյանը հեղափոխությունից հետո ցուցմունք է տվել, որ գործը քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել:

Մարտի 1-ի 10-ը զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը կարծում է, որ Վահանգ Հարությունյանի ներկայությունը Հայաստանում խիստ անհրաժեշտ է: