Արդեն 3 օր գործադուլ հայտարարած և գործարան տանող ճանապարհը փակած աշխատակիցների գործազուրկ դառնալու վտանգի մեջ ԲՀԿ առաջնորդը մեղադրեց Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովին։
«Հանձնաժողովը օրենք է ընդունել, հանձնաժողովը գոնե ցեմենտի գործարանից որևիցե մեկին չի հրավիրել, որ գոնե բացատրի, ասի՝ «այ ձեր ցավը տանեմ, սենց օրենք ենք ընդունում»։ Ո՞նց կլինի», - ասաց Ծառուկյանը։
Նա ասաց, որ պարզապես նեղացել և վրդովվել է հանձնաժողովի ուրբաթ օրը կայացրած որոշումից, որի համաձայն Իրանից ներկրվող ցեմենտի պատրաստման հումքի՝ ցեմենտից շատ ավելի ցածր ինքնարժեքով կլինկերի վրա պետտուրք չի սահմանվելու։ «ԱրարատՑեմենտի» ղեկավարությունը պնդում է, որ այս պայմաններում տեղական արտադրողը շահույթ չի ստանա:
«Ասի՝ եթե իրանց վեջը չի, իմ վեջն էլ չի, բայց հետո ես գիտակցելով, ես որպես Ծառուկյան, որպես կուսակցություն ղեկավար, իմ թիմակիցներին, իրոք, ես տեսել, ինձ վատ եմ զգացել, որ միշտ՝ «Ծառուկյան ջան, քո կողքն ենք եղել, ձայները տվել ենք, մենք մենակ չենք եղել, մեզ թողնում եք...», ես ձեզ չեմ կարա անտեսեմ: Վրդովված եմ եղել էդ սխալ որոշման համար», - նշեց ԲՀԿ ղեկավարը։
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը 3 օր շարունակ պահանջող աշխատակիցները բարձրաձայնեցին նաև աշխատավարձերի ուշացման խնդիրը:
«Առուստամյան, ուրեմն եթե մինչև 20-ը չեղավ, դու ինձ կասես, ես գումարը կտամ: Կբերես, կտաս, էդ իմ գումարը 25-ին հետ կբերես կտաս, հասկացա՞ր», - ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը խոստացավ, որ վաղվանից Ազգային ժողովի իրենց խմբակցությունը հարցի կարգավորման շուրջ քննարկումներ է անելու, ինքն էլ է գնալու։
Հանդիպման ընթացքում ամենաակտիվ ցուցարար Հենրիկ Խեչումյանին էլ հրավիրեց մասնակցել այդ քննարկումներին․ - «Վաղը կլսես խորհրդարանում անձամբ ինձնից, որ ես հայտարարելու եմ, որ հանձնաժողովը կա'մ Խեչումյանին հրավիրի, կա'մ ինքը գնա պատասխան տա։ Կլինկերի համար քեզ պատասխան տան»:
Ցուցարարն ավելի ուշ «Ազատությանը» հայտնեց, որ կգնա խորհրդարան, բայց ընկերների հետ: Իսկ Ծառուկյանի հետ հանդիպումն իրենց սպասելիքները չի արդարացրել․ - «Էս նույն կարգավիճակում կարանք հայտնվենք մի շաբաթ հետո, որը մեր համար հաստատ ընդունելի չի»։
Բողոքի ակցիայի մասնակիցը հիշեցնում է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կան նաև ԲՀԿ-ականներ. - «Իրանք պետք է իրենց դեպուտատներին գոնե բացատրեին, թե ինչ է կլինկերը»։
Հեռանալիս, պատասխանելով «Ազատության» հարցին, Ծառուկյանը հայտարարեց, որ որևէ քաղաքական միտում ծանուցագրերն ուղարկելիս չեն ունեցել։
Աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրին տասնյակ ժամեր տևած ակցիան, քանի դեռ խորհրդարանական քննարկումները չեն ավարտվել: