Մատչելիության հղումներ

«ԱրարատՑեմենտի» հարյուրավոր աշխատակիցներ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել


«Մուլտի» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի զրուցում է բողոքող աշխատակիցները հետ:
«Մուլտի» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի զրուցում է բողոքող աշխատակիցները հետ:

Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները փակել են դեպի գործարան տանող ճանապարհը:

Անցած շաբաթավերջին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին ծանուցել է, որ երկու ամսից ազատվելու աշխատանքից:

«Ամբողջ Արարատ քաղաքն ա դատարկվելու, եթե սա փակվեց: Հազար հարյուր մարդ աշխատում են՝ չհաշված ընտանիքները», - ասաց բանվորներից մեկը:

Գործարանի հնարավոր փակման պատճառը շատ ավելի ցածր ինքնարժեք ունեցող Իրանական ցեմենտի հետ մրցակցության ոչ հավասար պայմաններն են։ Ակցիայի մասնակիցների խոսքով, իրենց բողոքն անձամբ Գագիկ Ծառուկյանի դեմ չէ: Նրանք ասացին, որ նախկինում ԲՀԿ նախագահն իրենց խոսք է տվել, որ ցանկացած պարագայում ավելի քան 1000 աշխատակիցները գործազուրկ չեն մնա։

Ցուցարարներից մեկն ասաց․ - «Կոնկրետ ինչ-որ մարդ չկա: Մեր պահանջը էն ա, որ աշխատենք»:

Գործադուլի մասնակիցները պահանջում էին հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինիս փոխարեն ցուցարարների հետ զրուցելու եկավ «Մուլտի» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Նա հայտնեց՝ այս որոշման պատճառն այն է, որ ուրբաթ օրը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է մի նախագծում, որով առաջարկվում է պետական տուրք կիրառել Իրանից ներկրվող ցեմենտի վրա,՝ շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, բացակայել է ներկրվող կլինկերի վրա պետտուրքի տարածումը:

«Եթե կլինկերի վրա պիտի չլինի տուրքը, ավելի լավ է, մենք էլ կլինկեր բերենք, մենք էլ կլինկեր աղանք ու շուկան ապահովենք», - ասաց Առուստամյանը:

Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է՝ մեկ տոննայի համար 9-13 դոլար: Որոշ հավելումներով այն լիարժեք ցեմենտ է դառնում։ «Մուլտի կոնցեռնի» տնօրենի խոսքով՝ այդ հավելումներն անելու համար շատ ավելի քիչ թվով աշխատակից է անհրաժեշտ և հենց սա է իրենց քայլի դրդապատճառը․ - «Ճիշտ է, մարդկային առումով դա հարց է: Բայց ես առաջին հերթին կատարում եմ իմ աշխատանքը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք հնարավորություն չկար կլինկերի հարցն էլ ներառել այդ նախագծում, Սեդրակ Առուստամյանն պատասխանեց․ - «Մի քանի անգամ մենք մասնակցել ենք քննարկմանը: Բոլորը մեզ լսեցին: Մենք շատ ուրախացանք, որ լսելի էինք: Մենք ողջունեցինք, որ Կառավարության նիստով անցավ էդ տարբերակը: Բայց ուրբաթ օրվա նիստի արդյունքում որոշվեց, որ կլինկերը հանում են մեջից»:

Գործարանի խնդիրն այսօր անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը որևէ մանիպուլյացիայի չի փորձում գնալ․ - «Կառավարությունն էսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, կառավարությունը էսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի: Որովհետև կառավարությունը գործում ա ժողովրդից ստացած մանդատով և գործելու ա էնքան ժամանակ, քանի դեռ ունի էդ մանդատը: Մենք մանիպուլյացիաներով իշխանություն չենք պահելու: Իսկ էդ խնդիրը արդեն գործատուի և աշխատողների խնդիրն է»:

«ԱրարատՑեմենտի» աշխատողները «Ազատությանը» հայտնեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները, քանի դեռ իրենց աշխատանքի հարցը չի լուծվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG