«Սասնա ծռերի» դատավարությանը ցուցմունք տվեցին սպանված ոստիկանների կանայք

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով այսօր դատարանում հարցաքննվեցին ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք:

Բայց մինչև այդ, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի միջնորդությամբ, դատարանն ուսումնասիրեց սպանված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի կողմից դատարանին տրամադրված տեսանյութը: Ռեպորտաժում Վահրամ Տեփանոսյանը պնդում է, որ իր որդուն ոչ թե «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանն է սպանել, այլ ոստիկանները:

Վահրամ Տեփանոսյանն այս գործով որպես վկա ներգրավվեց, առաջիկայում նա ցուցմունք կտա դատարանում:

Ամուսնու մահից հետո Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը աշխատանքի է ընդունվել ոստիկանությունում: Ասաց՝ ցանկանում է իրականացնել հանգուցյալ ամուսնու նպատակները: Նա չի կիսում սկեսրայրի կարծիքը, թե ամուսնուն ոստիկաններն են սպանել: Ասաց՝ թող գա դատարանում ապացուցի, իրեն էլ են այդ փաստերը հետաքրքրում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, կրկնելով Արփինե Թումասյանին ուղղված պաշտպանական կողմի հարցը, ասաց՝ ե՞րբ է սկսել Վահրամ Տեփանոսյանն այդ պնդումներն անել:

«Երբ որ այս մարդկանց բանտից բաց թողեցին: Դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ», - ասաց Արփինե Թումասյանը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնքահայրը՝ Տիգրան Գրիգորյանը: Ասաց, որ ներկա է եղել դիահերձմանը, և բացի հրազենային իրավորումից, մարմնին բռնության հետքեր չի տեսել:

Սպանված մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ ամուսինը հրազենային վիրավորում է ունեցել ոչ միայն արմունկի, այլև որովայնի հատվածում: Պնդեց , թե չորս վիրահատություն միայն որովայինի հատվածում է եղել: Հիվանդանոցում կինն իր բջջայինով լուսանկարել էր ամուսնուն, լուսանկարներն այսօր ցույց տվեց դատավորին ու պաշտպանական կողմին:

Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ ամուսինը հիվանդանոցում իրեն պատմել է, թե ինչպես են ավտոմատով իր փորին կրակել: Գագիկ Մկրտչյանի մահվան մեջ մեղադրվում է «Սասնա ծռերից» Արմեն Բիլյանը:

Պաշտպանական կողմից նկատեցին, որ Հասմիկ Ոսկանյանի ցուցմունքներում հակասություններ կա, ու հրապարակեցին նախնական ցուցմունքը, որտեղ Ոսկանյանը նշել էր, որ ամուսինն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

Դատավոր Մակյանի հարցին, թե ինչով են պայմանավորված հակասությունները, Հասմիկ Ոսկանյանն արձագանքեց, թե Պավել Մանուկյանի կնոջ ու դստեր՝ ապատեղեկատվություն պարունակող հարցազրույցից հետո ինքն էլ է որոշել խոսել:

Ընդգծեց, որ իր չխոսելու պատճառը նաև հուզմունքն է եղել, վախն ու վստահության պակասը:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում երեք ոստիկան է զոհվել՝ Յուրի Տեփանոսյանը, Արթուր Վանոյանը և Գագիկ Մկրտչյանը: