«Մենք միշտ պահանջելու ենք, որ լինի էն տնօրենը, որ գիտակ ա էս կենդանիներից, տվյալ հիմնարկի աշխատելաճից ու մասնագետ ա հանդիսանում, որպեսզի հետագայում էլ մենք մասնագիտական խնդիրներ չունենանք», - ասաց բողոքավոր աշխատակիցներից մեկը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Կենդանաբանական այգու միակ զեբրի անկումից հետո հաղորդվեց նաև կոկորդիլոսի և երկու օր առաջ էլ՝ բեզոարյան այծի անկման մասին։ Տնօրենի պնդմամբ, զեբրին, օրինակ, դիտավորյալ թունավորել էին:
Մինչդեռ կենդանիների խնամքի բաժնի նախկին համակարգող Մանուկ Մանուկյանը պնդում է, որ կենդանիների անկման պատճառը մասնագետների պակասն է. - «Ես որպես նախկին աշխատող միշտ եղել են խնդիրներ մասնագիտական, միանձնյա կառավարման խնդիրն է, որ մենակ ինքն է որոշումը կայացնում և իրականացնում»։
Աշխատակիցների խոսքով, այն, որ Կենդանաբանական այգում անառողջ մթնոլորտ է տիրում, դա փաստ է, բայց այդ մթնոլորտի հետևանքով չէ, որ կենդանիների անկում է գրանցվում։
Մինչդեռ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե նախկինում նման ինտենսիվությամբ կենդանիների անկում չի գրանցվել, այս ամենի հետևում կանգնած են մարդիկ, որոնք հրաշալի տիրապետում են այգու յուրաքանչյուր ծակուծուկը, գիտեն կենդանու վարքագիծը. - «Գիտեն՝ որ կենդանու հետ ինչ է պետք անել, որպեսզի կենդանին, օրինակ, ստրեսի ենթարկվի, ուզենա փախնի էդտեղից։ Այսինքն, մենք գործ ունենք հանցակազմի հետ, և հուսով եմ, իրավապահների օգնությամբ կբացահայտենք էս գործընթացի հագուցալուծումը։ Էն երևույթը, որ էսօր կատարվում է, ուղղված է ոչ թե Կենդանաբանական այգու, այլ կոնկրետ տնօրենի դեմ, ում որոշել են, որ պետք ա փոխվի, որովհետև էն մարդիկ, ովքեր նախկինում աշխատելու են, որոշակի խոստումներ ունեն վերցված, որ իրենք հետ են գալու աշխատանքի։ Կան մարդիկ, որոնք էստեղ բիզնեսներ ունեին, այսօր չունեն, կան մարդիկ, որոնք վախենում են կորցնել իրենց բիզնեսները, կան մարդիկ, ովքեր որ միտում ունեն կենդանիների առևտրով զբաղվելու, և իրենց հետևն էլ կան ուրիշ մարդիկ կանգնած: Այսինքն, սա մի խումբ ա, որոնք օգտագործելով հետհեղափոխական էս վիճակը, փորձում են կոնկրետ իրենց անձնական խնդիրները լուծել, իրենց կոնկրետ նպատակներին հասնելու համար անել ամեն ինչ, որը որ արդեն վերածվել ա ամենամեծ ստորության, որ անմեղ կենդանիներին ուղղակի վարի տալն ա»:
Հարցին միջամտել է նաև Երևանի քաղաքապետարանը՝ այգում ստուգումներ սկսելով: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց առավելապես անհանգստացնում են կենդանիների անկման դեպքերը, փորձելու են ղեկավարության և աշխատակիցների միջև առաջացած ներքին լարվածությունը հարթել․ - «Վերջիվերջո բոլորիս նպատակը մեկն է ՝ունենալ առողջ մթնոլորտով Կենդանաբանական այգի: Չէ որ այստեղ ամեն ինչ շատ զգայուն է, քան մեկ այլ կոլեկտիվում, որովհետև անմիջականորեն մենք գործ ունենք կենդանիների հետ, և ամեն մի անուշադրություն, վրեժխնդրություն տեսնում եք, թե մենք ինչպես ենք փոխհատուցում։ Ես ուզում եմ հավաստիացնել աշխատակիցներին, որ չկա արտոնյալ մարդ: Էն մարդիկ, որոնք վերազանցել են կամ չեն կատարել իրենց լիազորությունները, իրենք պատասխան են տալու: Այս տարածքում, այս կոլեկտիվում չկան հովանավորյալներ, և դա ամենակարևոր վստահության նշույլն է, որ պիտի ունենան աշխատակիցները՝ գիտենալով, որ էն քննությունը, որը կատարվում է բազմակողմանի, էդ քննության արդյունքներով կատարվելու են հստակ որոշումներ: Եվ այն մարդիկ, որոնք պատասխանատու են, կրելու են այդ պատասխանատվությունը»:
Զեբրի անկման դեպքով հարուցվել էր քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։ Մեկ ամիս է անցել, սակայն, իրավապահները դեռ քննում են դեպքը և չեն հայտնել, թե ով կարող էր թունավորել զեբրին: