Մատչելիության հղումներ

Իրավապահները հետաքննում են հայկական զեբրի թունավորման մասին հաղորդումը


Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներին նախորդել էր Կենդանաբանական այգու միակ զեբրի անկումը։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դեռևս չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից։ Այս մասին, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ կենդանաբանական այգում լայնածավալ ստուգումներ իրականացնելու նպատակով, որի արդյունքներից են կախված հետագա իր քայլերը։

«Եթե մեղավոր կգտնեն ինձ որևէ հարցում ես լիիրավ վերցնում են այդ պատասխանատվությունը այդ պատիժը կրելու, բայց եթե ստացվի հանկարծ, որ այդ ամեն ինչը զրպարտանք էր, հորդորելու եմ իրավապահ մարմիններին մինչև վերջ աշխատանքը իրականացնելու», - նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Ընդ որում, ստուգումներում տեղ կգտնեն Կենդանաբանական այգուն առնչվող բոլոր գործառույթները:

2011 թվականից Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Խաչատրյանը պնդում է, թե իր նշանակումից հետո այգու շուրջ պարբերաբար տարածվում են տեղեկություններ, հրահրվում գործողություններ, որոնք իրականում կապ չունեն Կենդանաբանական այգու խնդիրների, նրա զարգացման հեռանկարների հետ։ Դիտարկմանը, թե օրեր առաջ Կենդանաբանական այգում բողոքի ցույց կազմակերպած նախկին և ներկայիս աշխատակիցները, պահանջելով իր հրաժարականը, նշում էին, որ Խաչատրյանը կենդանասեր չէ, այլ այգին դիտարկում է որպես բիզնես աղբյուր, Խաչատրյանն արձագանքեց՝ դրանք սոսկ զրպարտանք են, և ինքն արդեն դիմել է իրավապահ մարմիններին․ - «Օրենքի սահմաններում պահանջելու եմ զրպարտության դեմ հնարավոր բոլոր մեղադրանքների հերքումը և դատական կարգով իմ՝ որպես անձի, վերականգնումը մեղադրանքներից»։

Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներին նախորդել էր Կենդանաբանական այգու միակ զեբրի անկումը։ Այգու տնօրենն այսօր ասաց՝ դիտավորությամբ տեղի է ունեցել զեբրի թունավորում։ Ընդգծեց, որ սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել․ - «Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ, և իրենք էլ պետք է պարզեն մեղավորներին: Եվ մենք բոլորս հետամուտ ենք լինելու, որ անպայման պարզաբանվի և խստագույնս պատժվի։ Ինչ վերաբերում է՝ աշխատողները արդյո՞ք էդտեղ ներգրավված են թե ոչ, դա կպարզի իրավապահ մարմինները: Ես այս պահին ոչ մի մեղադրանք չեմ կարող հնչեցնել ոչ մեկի հասցեին։ Բայց որ դիտավորություն կա, այստեղ շատ ակնհայտ է»։

«Երբ իսպառ վերանում է հանրային վերահսկողությունը, ապա նման իրավիճակները անխուսափելի են», - ասում է կենդանապաշտպան Նարե Արամյանը: Նա առաջարկում է ստեղծել վերահսկողական հանձնաժողով, որը թափանցիկ կդարձնի Կենդանաբանական այգու աշխատանքը․ - «Եթե մինչ օրս էլ լիներ, ընդհանրապես, որևէ ձևաչափ, որով թե՛ պատկան մարմնի, և թե՛ հանրության բացարձակ վերահսկողությունը կլիներ կենդանիների բարեկեցության տարբեր ոլորտներում, այսպիսի խնդիրներ այսօր չէին լինի: Որովհետև թե՛ մասնագետներից բաղկացած, թե՛ ուղղակի կենդանապաշտպաններից և թե՛ ուղղակի մարդկանցից, ովքեր ուղղակի շահագրգռված են, բայց և ոլորտում ունեն իրենց ներդրումը և հասարակության տարբեր կյանքի ոլորտների մասնագետները նույնպես․․․ Միանշանակ կլիներ բոլորովին այլ իրավիճակ։ Ավելին, միայն այդ պայմաններում է հնարավոր նման հիմնախնդիրները լուծել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG