«Քանի որ հիմիկվա իրանց տվյալներով, լինելու ա նույն 13 թվի համաներման նման, որը որ մեր հոդվածը չկա էդ համաներման մեջ», - ասաց բողոքողներից մեկը:
Ի տարբերություն իրավապաշտպանների, որոնք խիստ դրական են գնահատում համաներման այս նախագիծը, մի շարք գործերով հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում է, թե նախորդ համաներման համեմատ այս մեկը լայն տարածում չունի և ըստ այդմ էլ բացառիկ չէ․ - «Նախկին համաներումների հետ համեմատած, տվյալ համաներման մեջ շատ ավելի հոդվածների վրա չի տարածվում համաներումը, քան թե նախորդ համաներումներում կար: Մեր համար անտրամաբանական է, թե ինչպես կարելի է նման պայմաններում համարել, որ սա բացառիկ համաներում է»:
Սահակյանը համեմատում է՝ 2009-ի համաներման ժամանակ այն անձի վրա տարածվում էր ըստ հոդվածների՝ առանձին-առանձին, այս դեպքում, սակայն, այն տարածվում է պատժաչափի հիման վրա․ - «Եթե անձը մեղադրվում էր մի քանի հանցագործությունների կատարման մեջ, պատիժը նշանակում էր դատարանը, յուրաքանչյուր նշանակածի նկատմամբ կիրառում էր համաներումը: Օրինակ, եթե կիրառելի ա համաներումը մինչև 3 տարի, և անձը ազատվում է պատժից, և նման հանցանքներ են նրան մեղսագրվում, և, օրինակ, երեք էդպիսի հոդվածներով ա նա մեղադրվում, դատարանը կիրառում էր յուրաքանչյուրի համար: Օրինակ, մեկի համար 3 տարի, կիրառում էր համաներումը ու պատժից ազատում, երկրորդի համար 1 տարի, երրորդի համար 2․․․ 2009-ի համաներման մեջ այդպես էր: Բայց այս համաներման մեջ, նախորդիվ նաև այսպիսի համաներումներ եղել են, երբ որ վերջնական պատժի վրա է համաներումը կիրառվում»:
Առաջակվող համաներմամբ պատժից կազատվեն առավելագույնը 3 տարվա ազատազրկվածները, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարողները։ Առավելագույնը 5 կամ 10 տարով դատապարտվածները դուրս կգան կալանավայրերից՝ եթե կրած կլինեն պատժի համապատասխանաբար մեկ երրորդը կամ կեսը։ Անզգուշությամբ հանցագործություն կատարած և մինչև 5 տարով դատապարտվածները, անկախ պատժի կրման չափից, ազատ կարձակվեն համաներման մասին օրենքի ընդունումից հետո։
Կառավարության նախաձեռնած մարդասիրական ակտով կկարճվեն մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ հարուցված բոլոր այն քրեական գործերը, որոնց դեպքում նախատեսված է առավելագույնը 3, անզգուշությամբ արված հանցագործությունների դեպքում՝ 5 տարվա պատիժ։
Բացի այդ, համաներմամբ կիսով չափ կկրճատվի մինչև 10 տարով ազատազրկված դատապարտյալների չկրած պատժաչափը։
Համաներումը չի տարածվի ցմահ ազատազրկվածների, ինչպես նաև վերջին տասը տարում համաներումից օգտված ու հանցագործություն կատարածների վրա:
Եթե Ազգային ժողովը ընդունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ հայտարարվելիք համաներման նախագիծը, պատժից կազատվեն 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը, «Արժեքների հեղափոխության» գործով արդեն 5 տարի ազատությունից զրկված Շանթ Հարությունյանը։
Քրեական հետապնդումից կազատվեն նաև 2016 թվականին ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց արարքները անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան։
Փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատմամբ, ողջունելի է մասնավորապես քաղաքական ենթատեքստով մեղադրյալների վրա համաներման տարածումը, նաև մինչև նախագծի քննարկումը այն հրապարակելու գործընթացը։
Ըստ փաստաբանի, սակայն, համաներումը չի կարող տարածվել այն անձանց վրա, որոնք տուժողի հետ ունեն քաղաքացիական վեճ, այն դեպքում, երբ այն տարածվում է նույն հոդվածով դատապարտվածների վրա, որոնց տուժողները որևէ նյութական պահանջ չեն ներկայացրել․ - «Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև տուժողը կարող է ուղղակի հայց ներկայացնել, որը անհիմն հայց կարող է լինել, վեճը առկա կլինի՝ համաներումը չի տարածվի»:
Հաջորդ խնդիրը, ըստ փաստաբանի, այն է, որ համաներումը տարբերակված է կիրառվելու նույն հոդվածով մեղադրվող, բայց խափանման տարբեր միջոցներ ունեցողների վրա։ Սա ևս, նրա խոսքով, տրամաբանական չէ․ - «Այս դեպքում ստացվում ա, որ կալանքը պատիժ է դառնում, որովհետև միևնույն պայմաններում միևնույն գործով եթե երկու հոգի, օրինակ, վեց տարի ազատազրկման դատապարտվեն, ապա կստացվի, որ մեկը, ով, օրինակ, երկու տարի գտնվել է նախնական կալանքի տակ, այսինքն կալանքն էր ընտրված որպես խափանման միջոց, նա պետք է վերջնական պատիժ կրի, օրինակ, չորս տարի: Երբ որ նա, ով չի գտնվել կալանքի տակ, նա վերջնական պատիժը կկրի երեք տարի: Ստացվում է, որ այն անձը, ով գտնվում է կալանքի տակ, շատ ավելի վատ վիճակում է, քան այն անձը, որը կալանքի տակ չի գտնվում»:
Քրեակատարողական հիմնարկներում այս պահին շուրջ 3 հազար կալանավոր ու դատապարտյալ կա։ Թե քանիսը նրանցից ի վերջո ազատ կարձակվեն, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն առայժմ չի նշում:
Համաներման մասին նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան: Ըստ Զեյնալյանի, Ազգային ժողովում այն կքննարկվի հոկտեմբերի 31-ին: