Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն՝ ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության, հակադարձում է՝ Հարությունյանին արդարացնելու նպատակով որևէ կառույցի չի դիմի։
«Բազմիցս նշել եմ, որ Շանթ Հարությունյանն ի սկզբանե թույլ չի տվել և արգելել է ինձ, որպես իր պաշտպանի, որևէ դիմում ներկայացնել իր արդարացման հետ կապված և գործի վերանայման հետ կապված։ Շանթ Հարությունյանը հենց սկզբից գտել է և իր տեսակետը եղել է այն, որ երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո այդ նախաձեռնությունը պետք է լիներ իշխանություններինը, տվյալ դեպքում դատախազությունը պետք է նախաձեռներ և այդ արդարացման գործընթացը պետք է սկսվեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Երեկ խորհրդարանում Փաշինյանը՝ պատասխանելով Հարությունյանի ազատ արձակմանը վերաբերող հարցին, ասել էր, որ 5 ամիս է Շանթ Հարությունյանին խնդրում է, որ բանտից դուրս գա։
«Վերջին անգամ ինձ բերել են գրություն, որ ինքն ասում է՝ «ես դուրս չեմ գալիս՝ ո՛չ պայմանական վաղաժամկետ, ո՛չ համաներումով, ո՛չ ռեժիմը փոխելով, ո՛չ բաց կալանքով, դուրս չեմ գալիս»։ Այսինքն՝ հիմա Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն՝ դիմակավորված «սպեցնազ»-ը մտնի, իրեն բանտից հանի դուրս, դռները փակի, որ ինքը նորից ներս չմտնի։ Արդարացի պահանջ է ինքը ներկայացնում՝ ասում է՝ «թող ինձ արդարացնեն»։ Ո՞վ պետք է արդարացնի, դատարանը, ճի՞շտ է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հարց էր հնչեցրել՝ ի՞նչն է խանգարում, որ հենց Հարությունյանի պաշտպանը համապատասխան հայցով դիմի դատարան. - «Ես հիմա ասեմ՝ «գնացեք, դատարան դիմե՞ք», ինձ կհարցնեն՝ «բա որ դու ասում ես գնացեք, դատարան դիմեք, դատարանը կարդարացնի՞, թե՞՝ ոչ»։ Հիմա ստեղ հարց է՝ ես հետո զանգե՞մ, դատարանին ասեմ արդարացրու։ Տեսեք, ասում եք՝ հա։ Եթե ես հիմա սկսեմ զանգել, ասել արդարացրու, անխուսափելիորեն վաղը զանգելու եմ, ասեմ՝ կալանավորի, կամ մի կալանավորի։ Մենք ուզո՞ւմ ենք այս ճանապարհով գնալ, թե՞՝ ոչ։ Գիտեք ինչ, ես գիտեմ, որ լիքը մարդ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, որ ասում է՝ «չհասկացա, էդ ո՞նց է անարդարություն գործելու համար զանգում, ասում էին, հիմա արդարություն գործելու համար չէս զանգում ասես»։
Մինչդեռ Շանթ Հարությունյանի պաշտպանի կարծիքով՝ հենց գլխավոր դատախազությունը կարող է դիմել դատարան՝ գործը վերանայելու պահանջով, ինչի արդյունքում էլ դատարանը հնարավոր է նրան արդարացնի։
«Այսինքն՝ հենց դատախազությունը, ով ժամանակին՝ ռեժիմի իշխանության օրոք Շանթ Հարությունյանի դեմ անհիմն, ապօրինի մեղադրանք էր ներկայացրել, նրանք էլ պետք է նախաձեռնեին, որպեսզի այս անարդար, անօրինական դատական ակտերը բեկանվեին և արդյունքում Շանթ Հարությունյանը ճանաչվեր արդարացված», - ասաց Պետրոսյանը։
2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։
«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13-ի նկատմամբ ազատազրկման որոշում կայացրեց, մեկի՝ Միսաք Առաքելյանի նկատմամբ տուգանք կիրառեց։
«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված անձանցից այս պահին բանտում է գտնվում միայն երթը նախաձեռնած Շանթ Հարությունյանը, ով, նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ, բացառապես արդարացում է պահանջում։